Բաժիններ՝

«Իմ ամենակարևոր և ամենահաջողված գործերն իմ բալիկներն են». Ասում է տեքստիլ դիզայներ Հասմիկ Սողոմոնյանը

Երբ մարդու հոգին լեցուն է երաժշտությամբ, գույներով և աշխարհն ամեն վայրկյան զգալու, կյանքի բույրը կլանելու ցանկությամբ, նա անկարող է չստեղծագործել, անգամ, եթե կան խանգարող բազմաթիվ հանգամանքներ:

Սոցիալական ցանցերի շնորհիվ շատ կարճ ժամանակում հնարավոր է տեսնել ու ճանաչել մեր շուրջ ապրող բազում տաղանդավոր մարդկանց և հիանալ նրանց ստեղծագործություններով: Նրանցից մեկն է իմ զրուցակից, ոճաբան Հասմիկ Սողոմոնյանը, ով արդեն մի քանի տարի է սոցցանցերում է տեղադրում իր ստեղծած աքսեսուարների և հագուստի հավաքածուները:

– Հասմիկ, որքա՞ն ժամանակ է՝ ստեղծագործում եք: Եվ ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ ընտրեցիք արվեստի երևակայական, հեքիաթային, բայց մեր իրականության մեջ նյութական արդյունք չտվող արվեստի ուղին:

– Իմ ամբողջ գիտակցական կյանքում, որքան ինձ հիշում եմ, ինչ-որ բանով զբաղվել եմ: Մայրս պատմում է, որ դեռ շատ փոքր տարիքում մի հասարակ թելով կարող էի ժամերով խաղալ: Երևի դա բնավորության տեսակ է: Ինքս ինձ միշտ ինչ-որ բանով զբաղեցրել եմ: Երբեք չեմ ձանձրացել: Շատ ժամանակ նույնիսկ սիրում էի մենակ մնալ ու շարունակ պրպտել:

Կարդացեք նաև

  23 4

Իմ ընտանիքն ամենամեծ պատճառն է հանդիսացել, քանի որ ծնողներս հոգով իսկական արվեստագետներ են: Պարզապես, ցավոք, կյանքի բերումով նրանք երկուսն էլ ուրիշ մասնագիտություն են ընտրել, բայց ամեն ինչ արել են, որ ես և քույրս հնարավորություն ունենանք գտնել մեր կյանքի ուղին և գնալ այդ ուղիով:

– Մասնագիտական կրթություն ունե՞ք:

– Ես սովորել եմ Գեղարվեստի ակադեմիայում, տեքստիլ դիզայներ եմ: Մասնագիտությունս թույլ է տալիս գրեթե բոլոր կիրառական արվեստի ճյուղերի հետ ծանոթ լինել: Մի կարևոր իրադարձություն ևս մեծ ազդեցություն է թողել մասնագիտությանս ընտրության հարցում:

Տարիներ առաջ բոլորովին պատահաբար հայտնվեցի Նունե Աղբալյանի արվեստանոցում:

5

79

Ծանոթությունը նրա հետ անհետք չմնաց իմ կյանքում: Ես վերջնականապես կողմնորոշվեցի մասնագիտությանս հարցում, ինչի համար էլ շատ շնորհակալ եմ իրեն:

– Աշխարհում ձեռքի աշխատանքները մշտապես բարձր են գնահատվել: Երբևէ Ձեր առջև նպատակ դրե՞լ եք արվեստով գումար աշխատել:

– Երբեք չեմ մտածել գումար աշխատելու մասին: Ես մինչ օրս ստեղծագործում եմ: Եթե առաջնայինն ինձ համար գումար աշխատելը լիներ, շատ վաղուց ես բավական մեծ գումարներ վաստակած կլինեի: Բայց այդ դեպքում ես՝ ես չէի լինի: Նման նպատակ երբևէ չեմ հետապնդել: Ուղղակի իմ պարագայում ստացվել է այնպես, որ իմ սիրած զբաղմունքն իմ աշխատանքն է դարձել: Իսկ դա հազվադեպ պատահող երջանկություն և հաջողություն է:

– Պատմեք «Armenia on silq» նախագծի մասին, որը Ֆեյսբուքում բավական մեծ թվով «հավանողներ» ունի:

– «Armenia on silq»-ն art-ստուդիա է: Այդ նախագիծը քրոջս` Աննայի միտքն է: Եվ ընդհանրապես քույրս շատ մեծ դեր ունի այս ամենի մեջ: Քրոջս հավատի և համառության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք:

10

11

Չնայած ես և քույրս համախմբվել ենք մի գաղափարի շուրջ, սակայն մեզանից յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը: Մենք իրար չենք խանգարում, ազատ ենք իրարից, այդքանով իսկ լրացնում ենք իրար:

– Սոցիալական կայքերը լայն հարթակ են գովազդի համար: Անմիջապես կարելի է իմանալ, թե հանրությունն ինչպիսի գնահատական է տալիս ստեղծագործությանդ:

– Իմ կարծիքով՝ ամենալավ գովազդը որակն է, միտքը: Սոցցանցերի դերը, իհարկե, չի կարելի թերագնահատել: Ակնհայտ է, որ դա մինչ օրս չտեսնված, այնպիսի լայն հարթակ է, որ կարճ ժամանակում կարող է մեծ ճանաչում բերել արվեստագետին:

Բայց կա մի մեծ «բայց». եթե դու ամեն օր քո աճի վրա չաշխատես, որակի և իդեաների նոր ձեռքբերումներ չունենաս, այլ կերպ ասած՝ լճանաս, ապա ոչ մի գովազդ ի զորու չէ քեզ փրկելու:

– Եթե չեմ սխալվում՝ Դուք սկսել եք բիժուտերիայի պատրաստումից, նկարազարդումից և հետո միայն անցում եք կատարել դեպի հագուստի նկարազարդումը… թե՞ սխալվում եմ:

– Դա այդպես չէ, իրականում ինձ մոտ նման բաժանում չկա: Ես կարող եմ միաժամանակ զբաղվել և բատիկայով, և զարդագործությամբ: Իմ դիպլոմային աշխատանքը եղել է աքսեսուարների հավաքածուն` ժայռապատկերների թեմայով` պայուսակներ, կոշիկներ, շարֆեր, զարդեր և այլն… Այդտեղից էլ սկսվեց հետագա գործունեությունս:

12

13

14

15

-Հատկանշական և բավականին ակնառու է հատկապես մանկական հագուստի նկարազարդումը: Որպես մայր՝ կասե՞ք, թե որքանո՞վ են անվտանգ նյութերը, որոնցով նկարում եք մանկական հագուստի վրա:

– Մանկական հագուստի հավաքածուի ստեղծումը քրոջս նախաձեռնությունն է: Նա գույնի հրաշալի զգացողություն ունի: Մանկության գույներ, որոնք մինչև հիմա վառ են մեր երկուսիս մեջ:

Նյութերն անվտանգ են կրողների համար, ինչը չէի ասի նկարողների դեպքում: Պետք է ուղղակի պահել անվտանգության կանոնները` նկարել օդափոխվող սենյակում, լավորակ ներկերով միայն, ինչը որ մենք անում ենք: Նկարելուց հետո էլ արդեն դրանք միանգամայն անվտանգ են: Նկարված են միմիայն բարձր որակի մետաքսի վրա:

– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները:

– Իմ հաճախորդները շատ տարբեր են: Բայց վստահ կարող եմ ասել, որ հավատարիմ են: Միշտ գնահատող և շնորհակալ, ինչը մեծ լիցքեր է տալիս հետագա աշխատանքների համար: Իրականում հաճախորդների մի քանի տեսակ կա:

Իմ սիրած տեսակն է, երբ հաճախորդը վստահում է ինձ և չի փորձում թելադրել իր կանոնները, իր տեսակետը: Այլ կերպ ասած՝ չի «բռնանում»: Շատ են եղել դեպքեր, երբ հրաժարվել եմ պատվերներից, երբ զգացել եմ, որ ազատ չեմ, միտքս ազատ պետք է լինի ստեղծագործելու համար: Ստեղծագործնելն ինքնին ազատության զգացում է: Տանել չեմ կարող բռնությունը ցանկացած հարցում:

– Բացի հայկական շուկայից՝ կա՞ն այլ երկրներ, որտեղ տեղյակ են Ձեր և Աննայի գործունեության մասին:

– Անշուշտ, ինտերնետն այսօր հնարավորություն է տալիս աշխարհի մի ծայրից մյուսն ինֆորմացիա տարածել: Մեր աշխատանքներն առավել շատ գնահատված են դրսում, քան այստեղ: Շատերն ափսոսում են, որ մեծ պոտենցիալ ունենալով՝ չենք կարողանում լայնածավալ գործունեություն վարել: Մեր երկրում շատ են դժվարությունները` թե նյութի, թե ինֆորմացիոն, և թե մնացյալ առումներով: Եվ ամենացավալին այն է, որ չկա զարգանալու հեռանկար: Հասնում ես մի կետի, որից առավել հնարավոր չէ գնալ:

– Վերջերս Դուք երկրորդ անգամ մայրացաք: Որքանո՞վ է ազդել կամ միգուցե, ժամանակի առումով, նաև փոքր-ինչ խանգարել երեխայի ծնունդը Ձեր ստեղծագործական կյանքին:

– Բալիկիս ծնունդը գլխիվայր շուռ տվեց իմ վերաբերմունքը կյանքի հանդեպ: Հիմա ես ավելի կայացած եմ ինձ զգում: Ինձ համար ամենակարևոր և ամենահաջողված գործերն իմ բալիկներն են: Երբեք խնդիր չէ ստեղծագործելը: Հիմա գիտակցաբար աշխատում եմ ուղղակի վայելել բալիկներիս հետ նրանց մանկությունը: Առավել կարևոր եմ համարում այդ ժամանակը նվիրել երեխաներիս, ովքեր իմ կարիքը հիմա շատ ունեն: Բայց ես չեմ դադարում ստեղծագործել մտքում: Կարևորն իդեաներն են, իսկ իրագործելը շատ հեշտ է:

– Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել Ձեր աշխատանքները:

– Մենք ունենք մեր հուշանվերների սրահը Դիլիջանում: Այն դեռ նոր է, բայց խոստումնալից ապագա ունի: Մեր աշխատանքներն այլ վայրերում չեն վաճառվում, քանի որ դառը փորձ ունենք այդ բնագավառում:

16

17

118

Այժմ մեր բոլոր ուժերն ու մտքերը կենտրոնացրել ենք մեր սրահի շուրջ: Հույս ունենք գեղեցիկ մի անկյուն ստեղծել մեր Դիլիջանում` արվեստի անկյուն:

Մեր աշխատանքներն առավել քան մատչելի են: Մենք ունենք տարբեր արժեքների գործեր՝ կախված նյութից և աշխատանքի բարդությունից: Մեզ համար առաջնահերթը գաղափարներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս