ԵՄ-ն ինքը պետք է լուծի իր անվտանգության խնդիրները՝ հույսը չդնելով ԱՄՆ-ի վրա. Սիկորսկի
ВВС-ին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ԵՄ-ն իր սահմանների անկայունության աճի պայմաններում պետք է պատրաստ լինի ինքնուրույն զբաղվել իր անվտանգության ապահովմամբ և ոչ թե հույսը դնի ԱՄՆ-ի վրա, որը կարող է և չգալ օգնության.
«Կլինեն կոնֆլիկտներ, որոնց ԱՄՆ-ը չի մասնակցի, քանի որ զբաղված կլինի աշխարհի այլ մասերի գործերով: Մի շարք իրավիճակներում մենք պետք է հանդես գանք որպես եվրոպացիներ և պետք է պատրաստ լինենք դրան:
ԵՄ-ն աշխարհի խոշորագույն տնտեսությունն է: Մենք չենք կարող հույսը դնել Ամերիկայի ու ամերիկացի հարկատուի մեծահոգության վրա, որպեսզի նա մեր փոխարեն լուծի մեր անվտանգության խնդիրները»:
Սիկորսկին հավելել է, որ ԵՄ-ը պետք է դասեր քաղի 1990-ական թվականների Բալկաններում պարտությունից՝ հիշեցնելով ԵՄ-ի հարավային ու արևելյան սահմաններին (Հյուսիսային Աֆրիկա ու Մերձավոր Արևելք, Ուկրաինա) տիրող անկայանության մասին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է ՆԱՏՕ-ի (որի մեջ մտնում են ԵՄ-ի երկրներն ու ԱՄՆ-ը) շրջանակներում անվտանգության երաշխիքների պահպանման անհրաժեշտությունը, քանի որ այլապես դա կասկածի տակ կդնի դաշինքի հուսալիությունը: