Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոր գլխավոր քարտուղար ընտրելն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին լսելը կդառնան ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի առանցքային թեմաները, որին առաջին անգամ չի մասնակցի ռուսական պատվիրակությունը:
ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Թյորբոռն Յագլանդն ու ԵԽԽՎ-ի նախկին զեկուցող, Գերմանիայի արդարդատության նախկին նախարար Սաբինա Լոյտհոյզեր Շնարենբերգերը:
ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով: Եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում առաջին փուլում հավաքել քվեներից կեսից ավելին, ապա անցկացվում է երկրորդ փուլ, ուր հաղթող է դառնում ձայների պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն:
ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում ելույթներ են ունենալու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ԵԽ-ի Նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: