Բաժիններ՝

«Արմենպրես»-ը տեղեկատվության փոխանակման համաձայնագրեր ստորագրեց ռումինական Agerpres-ի եւ բուլղարական BTA-ի հետ

Հանքավանի «Անի ռեզորթ» հանգստյան տանը մեկնարկած «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովի նպատակն է քննարկել լրատվական գործակալությունների համագործակցության հարցերն ու անդրադառնալ այն դերին ու խնդիրներին, որ ունենում են ազգային լրատվական գործակալությունները:

«Արմենպրես»գործակալության տնօրեն Արամ Անանյանի գնահատմամբ, շատ կարեւոր է հասկանալ, թե ազգային գործակալություններն ինչ արժեքներով են առաջնորդվում եւ ինչպիսին է լինելու լրատվության ապագան:

«Մեր հիմնական խնդիրը համագործակցության խորացումն է, որ Հայաստանն ավելի ճանաչելի լինի եւ աշխարհի լրատվական օրակարգում ավելի ներգրավված: Նպատակն է` տեղ գրավել համաշխարհային լրատվամիջոցներում, ներկայացնել Հայաստանը, նրա օրակարգը, դիրքորոշումն ու հաջողությունները»,- ասաց Արամ Անանյանը:

«Արմենպրես»-ը Բալկանյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի ազգային գործակալությունների ասոցիացիայի (Association of the Balkan News Agencies-Southeast Europe (ABNA), նաեւ Սեւծովյան տարածաշրջանի լրատվական գործակալությունների եւ ԱՊՀ ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիաների անդամ է: Այժմ գործակալության նպատակն է անդամակցել Եվրոպական ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիային:

«Դա հնարավորություն կտա մեր ձայնն ավելի լսելի դարձնել եւ ներկայացնել Հայաստանի օրակարգը եվրոպական լսարանին»,- նշեց Անանյանը` կարեւորելով այն փաստը, որ Եվրոպական ասոցիացիան միավորում է մի շարք առաջատար գործակալությունների, եւ դա կնպաստի թե’ լրատվության որակի բարձրացմանը, թե նոր չափանիշների ներդրմանը, նաեւ կօգնի համաշխարհային միտումների հետ հավասար եւ համարձակ քայլել:
«Պետք է մտածել ապագայի լրագրության մասին, դիրքավորենք ինքներս մեզ ապագայի միջավայրում եւ հասկանանք, թե ինչն է հետաքրքրում մեր գործընկերներին, ընթերցողին եւ համաշխարհային հանրությանը»,- հավելեց նա:
Համաժողովի ավարտին «Արմենպրես»-ն ստորագրեց տեղեկատվության փոխանակման համաձայնագիր ռումինական Agerpres եւ բուլղարական BTA գործակալությունների հետ: «Այս համաձայնագիրը մեզ կտա հասանելիության, իսկ օտաերկրյա գործընկերներին` Հայաստանից առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Եթե հաշվի առնենք, որ առաջիկայում ունենք խիստ կարեւոր տարեթվեր, ասելիքներ եւ արտաքին քաղաքականության խիստ հագեցած օրակարգ, կարծում եմ` այդ ասելիքի ներկայացումը լրատվական դաշտում շատ կարեւոր է, եւ լրատվամիջոցների ղեկավարների ներկայությամբ նման համաժողովները` նույնպես»:

Անդրադառնալով հասարակության շրջանում ազգային գործակալությունների դերին, Արամ Անանյանն ընդգծեց, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ ազգային լրատվական գործակալությունները համարվում էին քարոզչության գործիքներ: «Այսօր դրանք լրատվության գործիք են, քանի որ լրատվության փոփոխություններին զուգահեռ, երբ այսօր ամեն ինչ շատ ավելի ազատական է, պետական գործակալությունն էլ ներկայացնում է իսկապես լրագրողական նյութ, լրագրողական աշխատանքներ` հիմնված լրագրության դասական սկզբունքների հիման վրա»,- շեշտեց Անանյանը` հավելելով, որ հասարակության վերաբերմունքի եւ ազգային գործակալության դերի մասին կարելի է չափումներ կատարել` հենվելով այն հղումներին, որոնք արվում են գործակալության նյութերին, թե’ գործընկեր կայքերում, թե հեռուսատաընկերությունների լրատվական հաղորդումների ժամանակ:

Հունիսի 20-ին Հանքավանում մեկնարկել է «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Վրաստանի ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս