Արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր

ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում արձանագրվել են ստամոքս-աղիքային գանգատներով հիվանդներ:

Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում Պռոշյան փողոցի թիվ 24 շենքում 3 հիվանդ «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Հիվանդների մոտ նկատվել է գլխացավ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց և հաճախակի լուծ: Նշանակվել է համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվել է բավարար:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շանունակվում են իրականացվել համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ`

• Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

• Պռոշյան փողոցի թիվ 24 շենքի բնակիչներից իրականացվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են) և սահմանվել է բժշկական հսկողություն:

• Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական պատճառը խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վթարն է, ինչի հետևանքով խմելու ջրի նկատմամբ ևս սահմանվել է հսկողություն և բնակիչներին առաջարկվել է ժամանակավորապես դադարացնել հոսող խմելու ջրի օգտագործումը կենցաղում՝ մինչ վթարի վերացումը:

• Հիվանդների օջախները ենթարկվել են եզրափակիչ ախտահանման:

• Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և քարոզչություն:

• Աշխատանքները շարունկվում են:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս