Ինչ է փոխվելու հուլիսի 1-ից
Հուլիսի 1-ից Արցախում բարձրանալու են պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորում ստացող կառույցների աշխատողների աշխատավարձերը:
ԼՂՀ կառավարությունը հունիսի 19- ի նիստում հասատատեց պաշտոնական դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, որոնք սահմանվել են պետական հիմնարկների հետ համատեղ քննարկումների արդյունքում:
Ի դեպ, պետական կառավարման համակարգում 2004 թվականից հետո դա առաջին բարձրացումը կլինի, որն առնչվելու է 19 հազար 500 մարդու: Սակայն այդ քաղաքացիների աշխատավարձերի թվային արտահայտությունների միջեւ տարբերությունները պահպանվելու են:
Այսօր կրտսեր պաշտոնների միջինացված մաքուր աշխատավարձը մոտ 50 հազար դրամ է, հուլիսից կդառնա 85 հազար դրամ, առաջատար պաշտոնների աշխատավարձը 77 հազարից կդառնա 133 հազար դրամ՝ բարձրանալով մոտ 70 տոկոսով, գլխավոր պաշտոններ զբաղեցնողները 120 հազարի փոխարեն կստանան մոտ 230 հազար դրամ, ինչպես նրանց, այնպես էլ բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձը կավելանա 90 տոկոսով: Բարձագույն պաշտոնյանները 160 հազար դրամի փոխարեն կստանան մոտ 300 հազար:
Հուլիսի 1-ից բարձրացումներ սպասվում են նաեւ այլ ոլորտներում: Հանրապետության նախագահի հանձնարարականով պետական բաժնեմասով ՓԲԸ-ներում աշխատավարձը պետք է բարձրանանա 20 տոկոսով:
Կրթության եւ առողջապահության բնագավառում աշխատավարձը կբարձրանա, բայց համեմատաբար ավելի քիչ 10 եւ 15 տոկոսով: Ուժային կառույցներում աշխատավարձերը համապատասխանեցվելու են Պաշտպանության բանակի աշխատավարձերին: Բարձրացումներ չեն սպասվում Հարկային պետական ծառայությունում, Վերահսկիչ պալատի աշխատակազմում, հիմնադրամներում, ավիացիայի բնագավառի կառույցներում, այն հիմնավորմամբ, որ այդ հիմնարկներում աշխատավարձերն մինչեւ հուլիսի 1-ը բավականին բարձր են:
Ինչ հետեւանքներ կարող են ունենալ այս բարձրացումները: Նախ կբարելավվի մոտ 19,5 հազար մարդու սոցիալական վիճակը, ապա պետական կառավարման համակարգի կրտսեր եւ առաջատար պաշտոնները կդառնան ավելի մրցունակ՝ լավ կադրեր ներգրավելու համար: Թեեւ այստեղ նաեւ վտանգ կա, առանց այդ բարձրացումների էլ երիտասարդության մեծ մասը ձգտում է զբաղված լինել ոչ թե տնտեսությունում, այլ կառավարման համակարգում:
Այլընտրանքը մասնավոր հատվածում եւս աշխատավարձերի բարձրացումն է, սակայն այստեղ արդեն իսկ խնդիրներ կան: Տնտեսվարողների մեծ մասը աշխատողներին վճարում է նվազագույն աշխատավարձ, շատ հաճախ չպահպանելով աշխատաժամանակի սահմանված նորմերը, առանց հանգստյան օրերի եւ այլն: Որ աշխատավարձերի մասին երբեմն կեղծ տվյալներ են հրապարակվում, իրականում ավելի քիչ վճարելով, կառավարության նիստում վարչապետ Արա Հարությունյանն ասաց:Վարչապետը չթաքցրեց նաեւ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, եւ դրա պարտադրելի լինելը բոլոր գործատուների համար, անկախ սեփականության ձեւից դժգոհության տեղիք է տվել, հեռանկարն այն է, որ որոշ տնտեսվարողներ կարող են կրճատումների դիմել, կամ ընդհանրապես դադրել գործելուց:
Բնականաբար այս խնդրից խուսափելու համար աշախատատեղերի թիվը պիտի ավելանա: Ցանկալին՝ տնտեսության մեջ եւ ոչ թե կառավարման համակարգում, որն ավելի գայթակղիչ է դառնալու հուլիսի մեկից հետո:
Նոր ընկերություններ բացելու եւ նոր աշխատատեղերի հարց լուծելու խնդրով կառավարությունում փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է զբաղվելու: Այս հարցի վերաբերյալ մեկ նկատառում կառավարության նիստում հնչեց՝ նոր աշխատավայրերում աշխատավարձային քաղաքականությունը պիտի լինի պետականին համահունչ: Իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ տարեցտարի պիտի բարձրանա:
Նվազագույն աշխատավարձի ամենամյա տասը տոկոսյա նախատեսվող բարձրացումները այն փոխհատուցումն են, որ բնակչությունը կունենա գների բարձրացման դեպքում: Ըստ կառավարության ուսումնասիրությունների՝ ամեն տարի գները բարձրանում են մոտ հինգ տոկոսով: Կառավորւթյունում նաեւ խոստովանում են, որ նվազագույն ամսական աշխատավարձը, որը հուլիսի մեկից կազմելու է 50 հազար դրամ ավելի քիչ է նվազագույն սպառողական զյամբյուղից: Եվ առաջիկա տարիների աշխատանքն ուղղված է լինելու նրան, որ այն 75 հազար դրամ կազմի:
karabakh-open.info