Բաժիններ՝

Բերքաբերի գյուղապետ. «Որ պատերազմ սկսվի, ո՞ւմ հետ ենք պատերազմելու՝ Ադրբեջանի՞, թե՞ Լուսաձորի»

tesankyun.am-ը գրում է.  Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը չի կարողանում ոռոգման նպատակով օգտվել 45 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարից: Ադրբեջանական զինուժը ջրամբարի ձախ ափից պարբերաբար գնդակոծում է Բերքաբերի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Բերքաբերը ոչ միայն ոռոգման ջուր չունի, այլեւ՝ խմելու ջուր:

Գյուղի կենտրոնում մի ծորակ կա, որից օգտվում են 528 բնակիչները; Հովիկ Աբրահամյանը 2014թ. փետրվարի 12-ին այցելելով Բերքաբեր,գյուղի հիմնախնդիրները լուծելու խոստում է տվել: Գյուղապետ Արթուր Մադաթյանից տեղեկացանք, որ երկու գյուղերի՝ Բերքաբերի եւ հարեւան Սարիգյուղի համար խմելու ջրագիծ կառուցելու ծրագիր կար, սակայն ֆինանսական միջոցները չեն բավարարել:

Համայնքի ղեկավարն ասաց, որ իրենք դիմել են «ՎիվաՍել» ընկերությանը, որպեսզի այն ամերիկյան մի ընկերության հետ աջակցի խմելու ջրագիծ կառուցելուն:

Սահմանամերձ Բերքաբերը նաեւ հողազուրկ է: Գյուղի 1130 հա տարածքներից 830-ը, որոնք ամենաբերրի հողերն են, գտնվում են ջրամբարի ձախ ափին, ադրբեջանական վերահսկողության տակ: Արթուր Մադաթյանն ասում է, որ իր համագյուղացիները հնուց ի վեր օգտագործել են Աճակուտ գյուղից դեպի սարեր տանող հատվածում 600-700 հա տարածք՝ խոտհարքներ, արոտավայրեր:

Այդ սարամասը կառավարության որոշմամբ տրվել է Լուսաձոր համայնքին այն պատճառաբանությամբ, թե Բերքաբերը այդ սարամասի հետ ուղիղ կապ չունի: Արթուր Մադաթյանն ասում է , որ Լուսաձոր համայնքն այդ սարի հետ ոչ միայն ուղիղ, այլեւ ոչ մի տեսակի կապ չունի:

«Որ պատերազմ սկսվի,ո՞ւմ հետ ենք պատերազմելու՝ Ադրբեջանի, թե Լուսաձորի՞»՝ տարակուսած ասում է գյուղապետը: Նրա խոսքերով՝ 1990-ական թվականների պատերազմական գործողությունների ժամանակ բերքաբերցի շատ ընտանիքներ ժամանակավորապես պատսպարվել են այդ սարամասում, այն եղել է սահմանամերձ գյուղի թիկունքը:

Գյուղապետի վկայությամբ՝ այնտեղ բերքաբերցի մի քանի ընտանիքներ տներ ունեն, վերջերս լուսաձորցիները փորձել են այդ մարդկանց վտարել իրենց կացարաններից: Ա. Մադաթյանին հարցրինք, թե խնդիրը ինքը չի՞ փորձել լուծել Լուսաձորի գյուղապետի հետ, չի՞ դիմել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Լուսաձորի գյուղապետն ասել է, որ դեմ չէ այդ տարածքը Բերքաբերին վերադարձնելուն, մարզպետ Աբովյանն էլ հայտնել է, որ առաջիկայում այդ խնդիրը կքննարկվի:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս