Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում. «Ժողովուրդ»

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Երեկ գյուղնախարարը ԱԺ-ում ներկայացրել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արգելում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները հեռացնել, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմել, պոչերը ճզմել, ոլորել, և մարդկային մտքի տգիտության այլ դրսևորումներ:

Թե ինչպես են վերահսկելու այս օրենքի կատարումը, ո՞ր կենդանին և ո՞նց է ահազանգելու իր նկատմամբ թույլ տրված օրինախախտման մասին, նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում: Բայց կարևորն այստեղ օրենք գրելու դրդապատճառն է:

Նախարար Կարապետյանի խոսքերով՝ «դա Եվրամիության և միջազգային կազմակերպությունների պահանջն է»: Այսպիսով, հասկանալի դարձավ, որ փաստաթուղթն ընդունվում է «գալչկայի համար», որպեսզի հերթական եվրոպական դրամաշնորհը «տակով անեն» և եվրոպական կառույցներին հաճոյանան:

Ինչևէ, թերևս նման դեպքերի համար է Էյնշտեյնն ասել, որ աշխարհում 2 անվերջանալի բան կա՝ մեկը մարդկային հիմարությունը, մյուսը տիեզերքը՝ շեշտելով, սակայն, որ տիեզերքի հաշվով այնքան էլ վստահ չէ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս