Ռուբեն Հակոբյան. Վերջապես իշխանությունն իր վերջնական խոսքն ասաց՝ 12 կետերը չեն ընդունում

«Վերջապես իշխանությունն իր վերջնական խոսքն ասաց՝ 12 կետերը չեն ընդունում: Չնայած` նախապես որոշ ներկայացուցիչներ ոգևորված ծափահարում էին՝ տեսեք, ինչ լավ ընդդիմություն ունենք, տեսեք` ինչ կառուցողական կետեր են ներկայացվել, բայց հասկանալի էր, որ կա՛մ իրենք լավ չէին ընթերցել, կա՛մ էլ PR նպատակ էր հետապնդում: Ըստ էության, այդ կետերը բավականին լուրջ կետեր են և Դավիթ Հարությունյանն, ի պատիվ իրեն, շատ անկեղծ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում իրականացնել այդ կետերը, որովհետև այդ կետերի իրականացումը նշանակում է կասկածի տակ դնել իշխանության հետագա գոյությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ մեկնաբանելով քառյակի 12 պահանջների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունները:

Ռ.Հակոբյանը նշեց, որ իրենք չեն ասում, որ այս կետերով ամբողջական համակարգային փոփոխություն կսկվի ՀՀ-ում, բայց սրանք այն կետերն էին, որոնք ինչ-որ տեղ սկիզբ կդառնային լուրջ, արմատական փոփոխություններ կատարելու համար:

Հարցին, թե ի՞նչ մարտավարություն կորդեգրի քառյակը, Հակոբյանը պատասխանեց, թե պետք է քննարկեն. «Բոլոր դեպքերում պետք է նկատի ունենանք հնարավորությունները, թե ինչքանո՞վ է հասարակությունն այս պահին պատրաստ ավելի համախմբված, ավելի միասնական հանդես գալու: Կրկնեմ իմ միտքը՝ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է և միշտ պետք է դա հաշվի առնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս