ՌԴ Հետաքննչական կոմիտեն մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն մտադիր է միջազգային հետախուզում հայտարարել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքերով՝ այդ անձինք մեղադրվում են խաղաղության ու անվտանգության դեմ հանցանքներ կատարելու մեջ:
Ռուս քննիչներն Ավակովի ու Կոլոմոյսկու դեմ հարուցել են քրեական գործեր՝ «սպանության կազմակերպում, պատերազմ վարելու արգելված միջոցների ու մեթոդների կիրառում, մարդկանց առևանգում, լրագրողի օրինական գործունեություն խոչընդոտում» հոդվածներով:
Մարկովն ընդգծել է, որ մոտ ժամանակներս Հետաքննչական կոմիտեն մտադիր է նրանց հեռակա կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարանին և միջազգային հետախուզում հայտարարել նրանց նկատմամբ: Մարկովի խոսքերով՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի աշխատանքը հնարավորություն կտա վերականգնել Ուկրաինայի տարածքում կատարված հանցանքների իրական պատկերը: