Վերնիսաժի մոտ Գոռ Առաքելյանն անհրաժեշտ պաշտպանության վիճակո՞ւմ է գործել
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների փաստով նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Գոռ Առաքելյանին ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Ներսես Մելքոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության համար (ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին կետ): Նրանք երկուսն էլ կալանավորված են: Երեկ «168 Ժամը» զրուցեց քրեական գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, Ներսես Մելքոնյանի պաշտպանները հայտարարեցին, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Գոռ Առաքելյանի մարմնի վրա կան որոշակի քերծվածքներ, բայց եզրակացությունում նշված է, որ չի բացառվում՝ հայտնաբերված վնասվածքներն առաջացած լինեն դեպքի ժամանակ, և դրանք կարող էին առաջանալ ինչպես` դեպքից առաջ, այնպես էլ` դեպքից հետոգ
– Մինչ օրս իմ պրակտիկայում դեռևս չի հանդիպել դատաբժշկական որևէ փորձագետի եզրակացություն, որը հստակ, կատեգորիկ կնշի, որ վնասվածքը հենց այդ օրվա կամ այդ պահի դրությամբ է պատճառվել: Այսինքն՝ բոլոր փորձագետների եզրակացության մեջ նշվում է, որ հնարավոր է՝ դրանք առաջացել են կամ պատճառվել փորձաքննություն նշանակելու որոշման մեջ նշված ժամկետում: Դա չի նշանակում, որ չի հաստատվել: Եթե, ըստ փորձաքննության եզրակացության, վնասվածքը պատճառվել է նշված ժամկետում, ապա մյուս ապացույցներով պետք է պարզեն՝ արդյոք հենց այդ դեպքի ժամանա՞կ է պատճառվել վնասվածքը, թե՞ ոչ:
Հիմա եթե դրանով փորձ է արվում նշել, որ դրանք այդ ժամանակ չեն առաջացելգ դրա միակ տարբերակն այն կլիներ, եթե փորձագետը հստակ նշեր, որ դրանք, հնարավոր չէ` առաջանային նշված ժամկետում: Նույն տրամաբանությամբ այդ հարցն իրենց տանք: Ներսես Մելքոնյանի դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ հնարավոր է՝ հրազենային վնասվածքները ստացված լինեն նշված ժամկետում: Նույն հաջողությամբ պետք է ասենք, որ դա ավելի շուտ կամ ավելի ուշ է եղել: Պրակտիկան է այդպես: Այլ ապացույցների համակցությամբ պետք է հաստատվի՝ արդյոք այդ վնասվածքները պատճառվել են բուն դեպքի պահի՞ն, թե՞ ոչ:
– Դուք հայտնել էիք, որ Գոռ Առաքելյանի մեղադրանքում նշված է, որ Ներսես Մելքոնյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ: Վալերի Հովաննիսյանի մասին որևէ բան կա՞ մեղադրանքում:
– Իր մասին էլ է նույն բանը նշված, որ իրենք երկուսով բռնություն են գործադրել Գոռ Առաքելյանի նկատմամբ:
– Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել է, որ նա առաջին հրազենային վնասվածքը ստացել է ղեկին նստած, «երբ կրակում են նրա վարած մեքենայի դիմացի դուռը բացելով, որից հետո նա բացում է իր կողմի դուռը, որպեսզի դուրս գա և փախչի, այդ ժամանակ էլ ստանում է երկրորդ հրազենային վնասվածքը: Հասցնում է փախչել մոտ հինգ մետր և վայր է ընկնում»: Որևէ տեղեկություն ունե՞ք՝ ավտոմեքենայում վնասվածք ստանալու հետ կապված:
– Դրա վերաբերյալ բավական լուրջ տեղեկություններ ունեմ, պարզապես այս պահին դեռևս նպատակահարմար չեմ գտնում դրանց անդրադառնալը:
– Պարոն Սարգսյան, եթե Գոռ Առաքելյանի մարմնի վրա որոշ վնասվածքներ կան, և եթե նա դրանք ստացել է մայիսի 17-ին, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ թույլ է տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
– Դա արդեն հիմք է տալիս մտածելու դրա մասին: Բայց որպեսզի խոսենք անհրաժեշտ պաշտպանության կամ սահմանազանցման մասին, պետք է գործի բոլոր ապացույցները գնահատել իրենց համակցության մեջ: Մենք դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը, պարզապես այս պահին նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ դրան: Սակայն այն հանգամանքը, որ արդեն իսկ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, արդեն իսկ օրենքի տեսանկյունից հիմք տալիս է, որ մտածենք՝ արդյոք այստեղ առկա չէ՞ անհրաժեշտ պաշտպանություն կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
– Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն նշել էիք, որ որևէ ապացույց չկա սպանության մասով, մի շարք հանգամանքներ խոսում են դրա մասին: Հնարավո՞ր է` առաջիկայում փոխվի Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և արարքը վերաորակվի:
– Բազմիցս կրկնել եմ, որ հենց այս պահին փորձում ենք ակտիվորեն աջակցել, որ նախաքննությունը հնարավորինս արագ կատարվի, իհարկե, մեզանից կախված տեսանկյունից, որովհետև այն, ինչ եղել է օբյեկտիվ իրականության մեջ, կարող է պարզվել միայն արագ նախաքննության արդյունքում: Իսկ եթե արագ նախաքննության արդյունքում պարզվեց, մենք լիովին վստահ ենք, որ իրավական առումով մեղադրանքը միանշանակ պետք է փոփոխվի: Այն, ինչ տեղի է ունեցել իրականում, բացարձակապես չի տեղավորվում այս մեղադրանքի սահմաններում, հետևաբար՝ այն պետք է փոփոխվի: Թե երբ կլինի այդ փոփոխությունը, կարծում եմ՝ այս պահին կախված կլինի նախաքննության արդյունավետությունից, թե որքան արագ կընթանա նախաքննությունը:
– Իսկ մինչ այս պահը ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը:
– Չգիտեմ՝ մինչ այս պահը այլ ասպեկտներով մեզանից անկախ ինչ գործողություններ է կատարում նախաքննական մարմինը: Երևի կատարում է ինչ-որ բաներ, որոնք մեզանից գաղտնի են: Եթե կատարում է, շատ լավ: Համենայնդեպս, մեզ հետ կապված` այս պահի դրությամբ բավական երկար ժամանակ գործողություն չի կատարվում:
– Դեպքի վայրում տեսախցիկների առկայության, ինչպես նաև դեպքի տեսագրման մասին «168 Ժամի» հարցմանն ի պատասխան` Ոստիկանությունից հայտնել էին, որ դրա վերաբերյալ տեղեկություններ չեն կարող տրամադրվել, «քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ»: Դուք տեղեկություն ունե՞ք տեսանյութի առկայության հետ կապված:
– Ես գիտեմ, որ տարածքից առգրավվել են ինչ-որ սարքեր (դրա մասին նշվեց նաև լրատվական միջոցներում), ուղարկվել են փորձաքննության: Թե ինչ կա և ինչ չկա դրանում, մենք դեռևս չգիտենք: Այսինքն՝ մեզ չի ծանոթացվել: Կարծում եմ՝ նախաքննական մարմինն էլ դեռևս չի ստացել, հակառակ դեպքում՝ կծանոթացներ: