Վահագն Խաչատրյան. «Ընդհանրապես պետք չէր ժամանակ տալ կառավարությանը»
Հունիսի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ կառավարությունը ներկայացրել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումները, որոնք ոչ իշխանական ուժերի կողմից հավանության չարժանացան:
Հիշեցնենք, որ առաջարկվող մոտեցումներից մեկն այն է, որ պարտադիր բաղադրիչը մինչև 2017 թվականը կիրառվի միայն պետական աշխատողների համար՝ սոցիալական վճար անվանումով՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Իսկ մասնավոր հատվածի՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը կարող են դիմել կամավորության սկզբունքով համակարգին մասնակցելու (սոցիալական վճարներ կատարելու) համար:
168.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ասաց, որ իրենց համար անընդունելի են այդ առաջարկները. «Պարտադիր կուտակային բաղադրիչը պետք է ընդհանրապես վերացվի: Վաղն Ազգային ժողովում կլինեն քննարկումներ, այդ քննարկումների ժամանակ մենք կփորձենք դրանց դեմն առնել»:
Մեր այն հարցին, թե շարունակվելո՞ւ է քառյակի համագործակցությունը «Դ!եմ եմ» թիմի հետ, Վ. Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Մեր համագործակցությունը «Դ!եմ եմ»-ի անդամների հետ չի էլ ընդհատվել, ուղղակի «Դ!եմ եմ»-ն իր ձևերով է պայքարում, մենք՝ մեր ձևերով, երկուսն էլ իրար լրացնում են: Հիմա պետք է ավելի խստացնել դիրքորոշումը: Առայժմ սպասողական վիճակ էր՝ կապված, թե կառավարությունն ինչ փոփոխությունների փաթեթ կներկայացնի, բայց երբ կառավարության ծրագրի մեջ «պարտադիր» բառը մտավ, դա նշանակում է, որ կառավարությունը չի հրաժարվել իր մոտեցումներից, և պետք է պատրաստ լինել դրան: Հիմա ամեն ինչ պարզ է, թե ինչ է ուզում կառավարությունը, նա դեռ խաբեություններով է զբաղվում: Մենք ուղղակի պետք է շարունակենք պայքարել»:
Հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ քառյակի կողմից սխալ էր կառավարությանը մինչև սեպտեմբեր ժամանակ տալը, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ընդհանրապես պետք չէր ժամանակ տալ: Մեր մոտեցումն առանձնահատուկ է այդ հարցում, մենք չենք էլ թաքցրել: Բայց քանի որ քառյակի շրջանակներում մոտեցումների տարբերություն կար այդ հարցի կապակցությամբ, միասնական որոշում է եղել: Մեր գործընկերները կարծում են, որ պետք է թույլ տանք կառավարությանը՝ իրեն դրսևորել, և եթե այդ ժամանակվա ընթացքում որևէ փոփոխություն չլինի, իսկապես պայքարել տարբեր ճանապարհներով, որպեսզի հասնենք իշխանափոխության»:
Վ. Խաչատրյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ կառավարության ներկայացրած առաջարկը նշանակում է, որ նրանք չեն պատրաստվում կատարել քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջները. «Նախորդ դեպքում էլ, երբ ցանկություն հայտնեցին շրջանառության հարկի հետ կապված փոփոխություններ մտցնել, ամբողջական չի արվել, ու դա չի նշանակում, որ քառյակի պահանջը կատարվել է: Այնպես չէ, որ մենք փորձելու ենք կառավարության կիսատ-պռատ արարքներն արդարացնել, եթե արել է՝ կասենք՝ արել է, եթե՝ ոչ, կասենք՝ չի արել»:
Մեր այն դիտարկմանը, որ բազմաթիվ կարծիքներ կան, որ քառյակի ներկայացրած 12 պահանջներում քաղաքական բաղադրիչը պակասում է, Վ.Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Այդ ամեն ինչը տնտեսական է, որն իր հերթին՝ քաղաքական է: Հայաստանում այսօրվա խնդիրը տնտեսական չէ, այլ քաղաքական է, մենք դա ի սկզբանե ենք ասել: Այնպես որ, հիմա ովքեր փորձում են առանձնացնել դա, ուղղակի, ամենայն հավանականությամբ, իրենց քաղաքական նպատակները դրսևորելու կամ քաղաքական նպատակներին հասնելու ինչ-որ ձև են գտել:
Մեր՝ Հայ ազգային կոնգրեսի, մոտեցումը հստակ է՝ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական խնդիր չկա, մեզ մոտ առաջացած խնդիրն ավելի շատ տնտեսական դաշտում չէ, այլ քաղաքական դաշտում է, և մենք պահանջում ենք քաղաքական լուծում, իսկ քաղաքական լուծումը նշանակում է՝ իշխանափոխություն»:
Հարցին, թե՝ իսկ ինչո՞ւ դա արտահայտված չէր քառյակի ներկայացրած պահանջների մեջ, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Պահանջները հենց դա են: Այդ պահանջները միայն քաղաքական կամք դրսևորելու դեպքում կարող են իրականանալ: Մենք մեկ ուրիշ խնդիր ենք լուծել. զուտ ՀՀ քաղաքացիներին ավելի տեսանելի, ներկայանալի ձևով ցույց տանք, որ սրանք շատ մեծ ճիգեր պահանջող խնդիրներ չեն, դրանց միջոցով մենք հնարավորություն կտանք մեկ անգամ ևս բացահայտել, որ այս կառավարությունը կամ իշխանություններն ընդունակ չեն ժողովրդի կյանքը թեթևացնող, կենսամակարդակը բարձրացնող օրենքներ մտցնել կամ փոփոխություներ կատարել»: