
Մոտ ժամանակներս Իրան կուղարկվեն բրիտանացի մի շարք դիվանագետներ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է Իրանի մայրաքաղաքում երկրի դեսպանատան աշխատանքների վերսկսման մտադրության մասին: Հեյգն ընդգծել է, որ մոտ ժամանակներս Իրան կուղարկվեն բրիտանացի մի շարք դիվանագետներ:
Երկրի խորհրդարանին հղած գրավոր դիմումում՝ Հեյգը նշել է. «Իրանը կարևոր երկիր է անկայուն տարածաշրջանում: Համայն աշխարհում և անգամ բարդ պայմաններով տարածաշրջաններում դեսպանատների աշխատանքների պահպանումը հանդիսանում է բրիտանական դիվանագիտական առաջնահերթություն:
Ես որոշեցի, որ ներկայումս հարմար ժամանակ է Թեհրանում դեսպանատան բացման համար, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է լուծել մի շարք գործնական հարցեր: Մենք մտադիր ենք Թեհրանի դեսպանատունը բացել ոչ մեծ քանակի դիվանագետներով, այնքան արագ, որքան օպերատիվ կլուծվեն այդ գործնական հարցերը»:
Հեյգն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի բարձրացման հարցն արդեն իսկ քննարկել է Իրանի ղեկավարության հետ: 2011 թվականին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ենթարկվել էր արևմտյան երկրների սահմանած հակաիրանական պատժամիջոցներից դժգոհ ցուցարարների հարձակմանը, ինչից հետո այն փակվել էր:
Դրանից քիչ անց Իրանը փակել էր Լոնդոնում իր դեսպանատունը: Այդ ժամանակվանից սկսած՝ Իրանում Մեծ Բրիտանիայի շահերը ներկայացնում էր Շվեդիան: Նախորդ տարվա աշնանն Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները՝ գործերի ժամանակավոր հավատարմակատարի մակարդակով: