Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ խնդիրը օրհասական է, կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների
«Թող ձեզ չթվա, թե չենք քնում, մտածում ենք՝ ոնց սակագին բարձրացնենք: Մեզ էլ է հուզում հարցը, բայց եթե այսօր չանենք, մի տարի հետո, մեկ է՝ կանգնելու ենք նույն խնդրի առաջ»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ էներգետիկ համակարգում կորուստները բավականին մեծ թիվ են կազմում, որին պետք է անդրադառնալ, նաև պետք է անդրադառնալ էներգիայի խնայողությանը: Բաղդասարյանի կարծիքով՝ թանկացումը պետք է լինի, բայց կառավարությունը պետք է սոցիալական միջոցառումներ իրականացնի. «Բերված հիմնավորումների տեղեկատվությանը, եթե մասնագիտորեն նայենք, զգում ենք, որ խնդիրը օրհասական է ու խնդրին պետք է անդրադառնանք: Նորից չհիշեմ 90-ական թվականները, որ կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների»: