Ամբաստանյալի հայրը սպառնում է. Ես ինձ այստեղ սպանելու եմ, ես այստեղ ինձ դանակով խփելու եմ (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա որոշմամբ՝ անփոփոխ է թողել Էդիկ Ազմանյանին և Գոռ Գալստյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, ինչը զայրացրել էր Է. Ազմանյանի հարազատներին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազգությամբ եզդի երիտասարդին մեղավոր էր ճանաչել առևանգման մեջ և դատապարտել 4 տարվա ազատազրկման: Ըստ երիտասարդ տղային առաջադրված մեղադրանքի՝ նա իր ընեկերների հետ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` գրկելու և ձեռքերից բռնելու և քաշելու եղանակով, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի դպրոցի հարակից տարածքից բացահայտ առևանգել է գյուղի անչափահաս բնակչուհուն, նրա կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան ու հեռացել տարածքից:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն այսօր զայրացրել էր Է. Ազմանյանի հարազատներին, ովքեր բավական երկար ժամանակ աղմկում էին դատարանի տարածքում: Է. Ազմայանի ընկերը պատմում էր, որ նա «փախցրել է իր սիրած աղջկան», ճանապարհին նրանց բռնել են ոստիկանության աշխատակիցները, այժմ էլ դատարանը նրան ազատազրկման է դատապարտել:
«Աղջիկն ասաց՝ ես չեմ բողոքում, ազատ արձակեք, իմ նշանածն է, լավ է արել, փախցրել է, ես հիմա գնում եմ իմ կեսրարի տուն: Հարսը հիմա իրենց տանն է: Եղվարդում դատեցին՝ 4 տարի ազատազրկում: Ասին՝ տվեք վերաքննիչ դատարան: Եկանք վերաքննիչ այս ամսի 11-ին: Միտինգ կազմակերպեցինք, պլակատներով, բանով, ասացին՝ շնորհակալություն հայտնելով ամսի 16-ին կգաք, Էդիկ Ազմանյանին, մեկ էլ Սարգսյան Գոռին (նա ևս այս գործով ամբաստանյալ է) ազատ կարձակենք: Սարգսյան Գոռն ուղղակի տաքսիստ է: Այսօր հունիսի 16-ն է, եկել ենք, նորից 4 տարի ազատազրկում: Սա նորմա՞լ է: Ընտանիք կազմելը հիմա հանցագործությո՞ւն է»,- պատմեց Է. Ազմանյանի ընկերը:
Մինչ այդ նրան ուղեկցող գումարտակի ավտոմեքենայով դուրս հանեցին վերաքննիչ քրեական դատարանի շենքից, ինչից հետո հարազատներն ու ընկերները որոշ տարածություն վազեցին ավտոմեքենայի հետևից:
Է. Ազմանյանի հայրը՝ Քյարամ Ազմանյանն էլ հայտնեց, որ կնոջ վիճակը դատարանում վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: «Ես իրենց խոսք եմ տալիս, ինձ այստեղ սպանելու եմ: Ես այստեղ ինձ դանակով խփելու եմ: Դատավորը պիտի պատասխան տա»,- ասաց երիտասարդի հայրը՝ նշելով, որ ինը դատարանից խնդրել է չոտնահարել իր ազգի սովորույթը. «Ինքը կուզեր ընտանիք կազմել, ինչո՞ւ չեն թողնում ինքն ընտանիք կազմի: Աղջիկը ուզում է, հերը ուզում է, բոլորը ուզում են: Ինչո՞ւ է այդ կերպ արվում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: