Պորոշենկոն հուսով է, որ երկրի արևելքում ռազմական գործողությունները կդադարեցվեն այս շաբաթ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուսով է, որ երկրի արևելքում ռազմական գործողությունները կդադարեցվեն արդեն այս շաբաթ: Այսօր բացելով Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստը՝ Պորոշենկոն հայտարարել է, որ հրադադարը կնշանակի իր խաղաղության պլանի իրագործման մեկնարկ:
Պորոշենկոն ընդգծել է, որ իրենց պետք չեն «բանակցություններ հանուն բանակցությունների»: Նա հայտարարել է, որ մտադիր է արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում վերականգնել ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ վերահսկողությունը.
«Հենց որ փակվի սահմանը, մենք անմիջապես կարող ենք հռչակել հրադադար: Բաց սահմանի դեպքում հրադադար հայտարարելը հանդիսանում է անպատասխանատվությունը: Վերջին շաբաթվա ընթացքում վճռական փոփոխություններ են գրանցվել (Ռուսաստանի հետ) սահմանին: Սահմանի ավելի քան 250 կիլոմետր վերադարձվել է վերահսկողության տակ, տեղակայվել են ամրակետեր»: