Գարիբաշվիլին վստահ է, որ Դավիթ Նարմանիան կդառնա Թբիլիսիի քաղաքապետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիթ Նարմանիան անապայմանորեն կդառնա Թբիլիսիի քաղաքապետ, և որ դա միայն ժամանակի հարց է:
Ներկա դրությամբ Թբիլիսիում հաշվարկել են քվեների 95.34 տոկոսը, դրանց համաձայն Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջատարը Նարմանիան է, ով հավաքել է քվեների 46.12 տոկոսը: Սակայն դա բավական չէ առաջին փուլում հաղթելու համար:
Գարիբաշվիլին կարծում է, որ երկրորդ փուլում կբարձրանա ընտրողների մոտիվացիան, որպեսզի նրանք ևս մեկ անգամ ֆիքսեն իրենց ընտրությունը և ևս մեկ անգամ ընտրեն իրենց ցանկալի թեկնածուին.
«Մեր իշխանությունը Վրաստանի նորագույն պատմության մեջ կմտնի որպես առաջին իշխանություն, որը ներդրեց արդար ընտրությունների ավանդույթը: Դա ողջ երկրի հաղթանակն է: Դա բնականաբար մեր դաշինքի հաղթանակն է, քանի որ մենք առաջատար ենք բոլոր օկրուգներում և անպայմանորեն հաղթելու ենք բոլոր օկրուգներում:
«Վրացական երազանքը» երկրի միակ այլընտրանք չունեցող ուժն է: Մեր գլխավոր առաջադրանքը եղել է բնակչությանը ժողովրդավարական ընտրություններին սովորեցնելը»:
Վրաստանի ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան իր հերթին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ երկրորդ փուլ է անցկացվելու 8 ինքնավար քաղաքում՝ Թբիլիսի, Ռուսթավի, Մցխեթի, Գորի, Թելավի, Օզուրգետի, Բաթումի, Փոթի: Ժվանիան չի բացառել, որ երկրորդ փուլ անցկացվի նաև Քութայիսում: Ընտրությունների մասնակցելու ցուցանիշը կազմել է 43.31 տոկոս: