Հայկական պատվիրակությունն Ադրբեջանին առաջարկել է վերսկսել «ժողովրդական դիվանագիտությունը». APA
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող ՆԱՏՕԽՎ-ի Rose Roth 86-րդ սեմինարի ժամանակ հայկական պատվիրակությունն Ադրբեջանին առաջարկել է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից և վերսկսել «ժողովրդական դիվանագիտությունը»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, որ պետք չէ ակնկալել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում: Նա ընդգծել է, որ չնայած հրադադարի ռեժիմը շարունակվում է արդեն իսկ 20 տարի, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել, և կողմերը հեռու են միմյանցից.
«Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ Մինսկ է, քան՝ խումբ: Որպես խումբ՝ այն չի արդարացրել իրեն, ինչպես և հակամարտության կարգավորման այդ ձևաչափը: Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության ոչ թե կարգավորմամբ, այլ՝ կառավարմամբ:
Ռուսաստանը զենք է մատակարարում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: Դրա համար էլ ներկայումս Ղարաբաղը հանդիսանում է լուրջ սպառնալիքի աղբյուր: Ժամանակն աշխատում է բոլորի դեմ»: Կիրակոսյանն առաջարկել է վերսկսել ոչ պաշտոնական բանակցությունները, «ժողովրդական դիվանագիտությունը»՝ ընդգծելով, որ միայն այդպես կարելի է հասել ընդհանուր հայտարարի:
Ի պատասխան՝ Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է, որ ժամանակին արդեն իսկ փորձարկվել է «ժողովրդական դիվանագիտությունը», Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները կատարել են փոխադարձ այցեր, երկխոսություն է իրականացվել երկու երկրների պատգամավորների միջև, սակայն այդ ամենը որևէ արդյունք չի տվել: