Բաժիններ՝

«Գազպրոմը» ամեն օր հետևելու է, որ եվրոպացի սպառողների համար նախատեսված գազը չմնա Ուկրաինայի տարածքում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմում» սկսել է գործել օպերատիվ շտաբ, որը կհետևի Ուկրաինայի տարածքով գազի տարանցմանը: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նա ընդգծել է, որ եթե «Գազպրոմը» պարզի, որ եվրոպացի սպառողների համար նախատեսված գազը մնում է Ուկրաինայի տարածքում, ապա դա կհամարի չարտոնյալ քայլ:

Տվյալ դեպքում ռուսական ընկերությունը գազամատակարարման ծավալը կմեծացնի «Հյուսիսային հոսք» և «Յամալ-Եվրոպա» խողովակաշարերով ՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը, ինչպես նաև կմեծացնի Եվրոպայի ստորգետնյա գազապաստարաններին գազ մատակարարելու ծավալը:

Միլլերի խոսքերով՝ դեռ որևէ խնդիր չի ծագել Եվրոպա գազ տարանցելու հարցում: Նա հավելել է, որ արտահանման նկատմամբ վերահսկողություն իրականացվելու է ամեն օր: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը չհատկացնի էժան գնով գազ, ապա Կիևն այն կվերցնի անվճար և յուրաքանչյուր ծավալով:

Միլերը հայտարարել է, որ «Գազպրոմը» Ռուսաստանի ու Ուկրաինայի սահմանին գազ կմատակարարի միայն այնչափ, որչափ կպահանջեն եվրոպացի սպառողները: Միլերն ընդգծել է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ծավալը կազմում է 185 միլիոն խորանարդ մետրից քիչ ավելի:

«Գազպրոմը» այսօրվանից սահմանել է կանխավճարային համակարգ՝ Ուկրաինային գազ մատակարարելու համար: «Գազպրոմը» և «Ուկրաինայի Նավթոգազը» գազային վեճը կլուծեն Ստոկհոլմի միջազգային միջնորդ դատարանի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս