Ի՞նչ եվրաինտեգրման մասին եք խոսում, երբ Ադրբեջանում հաշվվում է քաղաքական բռնությունների 130 զոհ. Լեյլա Յունուս
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը բողոքի ակցիա է կազմակերպել Բաքվի Four Seasons հյուրանոցում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ-ի «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» սեմինարի ժամանակ:
Coffee break-ի ժամանակ Յունուսը մասնակից օտարազգիների շրջանում տարածել է Բռնությունների դեմ կենտրոնի հայտարարությունը, իսկ նրա կողմնակիցները ծավալել են «Ազատություն խղճի բանտարկյալներին» գրությամբ պաստառներ:
Դիմելով հյուրերին՝ Յունուսը հայտարարել է. «Ի՞նչ եվրաինտեգրման ու կայունության մասին եք խոսում դուք, երբ երկրում հաշվվում է քաղաքական բռնությունների 130 զոհ: Նրանցից 40-ը խղճի բանտարկյալ են, իսկ 90-ը՝ քաղբանտարկյալ՝ ներառյալ 11 լրագրող ու 4 իրավապաշտպան»:
Դիմելով օտարազգի պատվիրակներին՝ Յունուսը հայտարարել է, որ կոռուպցիայի, ավտորիտարիզմի պայմաններում ապրող Ադրբեջանը չունի ապագա: Դիմելով Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզային՝ իրավապաշտպանը հույս է հայտնել, որ իր ելույթում նա՝ որպես Ադրբեջանը ճանաչող մարդ, ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին.
«Ադրբեջանում կտտանքներից տարեկան մահանում է 10 մարդ, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում այդ հանցանքների համար: Դատական համակարգը կոռումպացված է և գտնվում է գործադիր իշխանության վերահսկողության տակ»:
Յունուսի խոսքերով՝ հակամարտությունների կարգավորումը հնարավոր չէ առանց ժողովրդական դիվանագիտության, որը Ադրբեջանի իշխանությունները փորձում են չեզոքացնել բռնությունների ճանապարհով. «Լրագրող Ռաուֆ Միրկադիրովը կալանավորել ու լրտեսության մեջ է մեղադրվել նրա համար, որ մասնակցել է հայ-ադրբեջանական համատեղ կայքի նախագծին»:
Յունուսը հայտարարել է, որ բրիտանական դիվանագիտական առաքելության ղեկավար Իրֆան Սիդդիտը, ով ֆինանսավորել է տվյալ նախագիծը, չի կարողացել պատասխանել իր հարցին, թե արդյոք հատկացրած միջոցները համարո՞ւմ է «լրտեսական», ինչպես որ պնդում են Ադրբեջանի իշխանությունները.
«Ալիևի վարչակարգը ձեր լուռ համաձայնության դեպքում ոչնչացնում է ժողովրդավարական գաղափարները, ինչը երկիրը տանում է դեպի տխուր կործանում»: Գործակալության հաղորդմամբ՝ ուշագրավն այն է, որ ոչ ոք չի փորձել խոչընդոտել Լեյլա Յունուսի գործողություններին: