Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակները Բաքվում վիճաբանել են ԼՂ-ի խնդրի շուրջ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող ՆԱՏՕ ԽՎ-ի Rose Roth սեմինարի առավոտյան նիստում Ղարաբաղյան հակամարտության թեման դարձել է հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների միջև վիճաբանության առարկա: 

Գործակալության լրագրողը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկման ժամանակ հայկական պատվիրակության ներկայացուցիչներ Ռիչարդ Կիրակոսյանն ու Թևան Պողոսյանը հայտարարել են, որ «օկուպացիա» տերմինն անընդունելի է, որ Ղարաբաղում գրանցվել է ժողովրդական շարժում և քաղաքացիների կողմից իրենք իրավունքների խախտման հակազդեցություն, ինչի համար էլ անկարելի է խոսել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին:

Նրանք նաև հայտարարել են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Ադրբեջանի ներկայացուցիչներ Զիյաֆեթ Ասկերովը, Սիյավուշ Նովրուզովը և Զահիդ Օրուջն իրենց հերթին հայտարարել են, որ Հայաստանը «անմիջական կապ ունի ագրեսիայի հետ», ինչի մասին «վկայում են ՄԱԿ-ի 4 բանաձևերը».

«Ինչպես կարելի է պնդել, որ Հայաստանը կապ չունի հակամարտության հետ, եթե հայկական ողջ ղեկավարությունը ներկայումս բաղկացած է ղարաբաղյան անջատողականներից և այլն»: Ադրբեջանի ներկայացուցիչները հայկական կողմին մեղադրել են «հակամարտության կարգավորումը փակուղու առաջ կանգնեցնելու» մեջ:

Այդ ամենից հետո սեմինարում նախագահող ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Հյու Բեյլին կողմերին «կառուցողական երկխոսության» կոչ է արել:

Տեսանյութեր

Լրահոս