ԱՄՆ-ն ու Իրանը կարող են այս շաբաթ ուղիղ երկխոսության մեջ մտնել Իրաքում ստեղծված իրավիճակի շուրջ. The Wall Street Journal
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պատրաստվում է Իրաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ուղիղ շփում հաստատել Իրանի իշխանությունների հետ: Այս մասին պարբերականին հայտնել en ամերիկացի պետծառայողները, որոնք չեն ցանկացել հրապարակել իր անունը:
Նրանք ընդգծել են, որ Վաշինգտոնին չափազանց անհրաժեշտ է Իրաքում ստեղծված իրավիճակն Իրանի ու այլ կրոնապետությունների հետ քննարկելը, որպեսզի ավելի լավ համակարգի Իրաքի հյուսիսում մի շարք քաղաքներ գրաված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներից եկող սպառնալիքի պատասխանը:
Ակնկալվում է, որ Իրաքի հարցով ԱՄՆ-ի ու Իրանի ուղիղ շփումները կսկսվեն արդեն այս շաբաթ: Սպիտակ տունը դեռ չի որոշել, թե դիվանագիտական ինչ խողովակներով է իրականացնելու երկխոսությունը: Բացի այդ, հայտնի չէ նաև, թե որտեղ են հանդիպելու երկու երկրների ներկայացուցիչները: Նման հարթակ կարող է ծառայել Վիեննան, ուր այսօր մեկնարկում են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները:
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ մտադիր չէ ամերիկյան զորքեր ուղարկել Իրաք՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ Սպիտակ տունը դիտարկում է Իրաքի իշխանություններին օգնելու այլ տարբերակներ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իրաքում խաղաղություն հաստատելու հարցում դիտարկել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը: