Կիևում ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ուկրաինայի գազային եռակողմ բանակցություններն ավարտվել են անարդյունք
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունները, «Գազպրոմի» դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուսական գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Կիևում գազային բանակցությունները վերսկսվել են երեկ ուշ երեկոյան: Դրանց մասնակցել են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ու էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը: Բանակցություններն ավարտվել են մոսկովյան ժամանակով ժամը 02.30-ի մոտ:
Կուպրիյանովը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է, որ Ուկրաինան իր գազային պարտքը (1951 միլիոն դոլար) կմարի մինչև հունիսի 16-ի ժամը 10.00-ը, հակառակ դեպքում, ինչպես որ հայտարարվել էր ավելի վաղ, Ռուսաստանն Ուկրաինային գազ մատակարարելու համար անցում է կատարելու կանխավճարային համակարգին: