Ինչ կապ ունի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ը Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների հետ
168.am-ի տեղեկություններով՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» ընկերությունը որոշակի շահագրգռվածություն ունի Հայաստանում կենսթոշակային բարեփոխումների իրականացման հարցում: Նաև դա է պատճառը, որ բոլոր 6 մայրցամաքներում բորսայական ծառայություններ մատուցող NASDAQ OMX Group, Inc.-ը 2008թ. հաստատվեց Հայաստանում և այդ ժամանակ կնքված պայմանագրով ՀՀ կառավարությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ Կենտրոնական բանկից, սակայն մեր հարցմանն ի պատասխան, թե Հայաստանի ֆոնդային բորսան NASDAQ-ին վաճառքի պայմանագրով ՀՀ-ն ի՞նչ պարտավորություններ է ստանձնել և պայմանագիրն ի՞նչ կերպ է առնչվում կենսաթոշակային բարեփոխումներին, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից պատասխանեցին, որ Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և OMX-ի միջև: ԿԲ-ից նաև մերժել են տրամադրել պայմանագրի պատճենը՝ պատճառաբանելով, որ այն հանդիսանում է գաղտնի փաստաթուղթ: «Այն չի առնչվում կենսաթոշակային բարեփոխումներին»,- նշել են ԿԲ-ից:
Չնայած ԿԲ հավաստիացումներին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ NASDAQ-ը ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների հետ ուղղակի կապ ունի. «Թե ինչո՞ւ է ԿԲ-ն խուսափում դրա վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ներկայացնելուց, դեռ չեմ կարողանում լիարժեք կողմնորոշվել, բայց մի բան հստակ է, որ NASDAQ OMX-ի՝ Հայաստան մուտք գործելու հիմնական նպատակներից մեկը կենսաթոշակային ֆոնդերում մասնակիցների ռեեստրի վարման լիազորությունների ստանձումն էր և դրանով պայմանավորված նաև բազմաթիվ այլ հարցեր՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ»:
Ըստ Ա.Մինասյանի՝ կենսաթոշակային բարեփոխումների այն սցենարը, որ ներկայացվեց և 2010թ-ին անցավ ԱԺ-ում, մշակվել է 2005-2006թթ-ից հետո, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ բանակցություններ էին վարվում NASDAQ-ի հետ համակարգը վաճառելու վերաբերյալ: