Ջենիֆեր Լոպեսը Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցել է հայ ոսկերիչների պատրաստած զարդերով (լուսանկարներ)
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը առաջնության պաշտոնական հիմնը կատարելու ժամանակ կրել է «Եփրեմ» հայկական նշանավոր ընկերության հայ ոսկերիչների պատրաստած զարդերը:
Լիբանանում գործող և Միջին Արևելքում և ԱՄՆ-ում հայտնի «Եփրեմ» ոսկերչատունն աչքի է ընկնում իր նրբաճաշակ ու բարձրաշխարհիկ զարդերով, որոնք տարբեր ժամանակներում կրել և գովազդել են նշանավոր մարդիկ: Այս տարի ԱՄՆ-ում անցկացված քանթրի երաժշտության՝ CMT Music Awards մրցանակաբաշխությանը «Եփրեմի» վարպետների զարդերով էր ներկայացել ամերիկացի հայտնի երգչուհի, քանթրի ոճի հեղինակ-կատարող Միրանդա Լամբերտը:
Իսկ անցյալ տարի «Եփրեմ» ոսկերչատան «Խաչքար» անվանմամբ ոսկյա և ադամանդակուռ ապարանջանը հայտնվել էր Շառլ Ազնավուրի դաստակին, որով հայտնի երգիչը կոչ էր անում գնել հայ վարպետների պատրաստած զարդը, որի վրա «Եփրեմ» ոսկերչատան դիզայներները պատառիկներ են դրոշմել հայկական մշակույթից՝ խաչքար, հայոց այբուբենը, իսկ ապարանջանի ետնամասում՝ Վիլյամ Սարոյանի՝ հայ ժողովրդին վերաբերող երկտողերից: Ոսկերչատան վերջին շրջանի ամենահայտնի գործերից նշված ապարանջանի արտադրությունը նաև բարեգործական նպատակ ունի. ոսկերչատան սեփականատերերը որոշել են յուրաքանչյուր վաճառված ապարանջանի գումարի 5 %-ը հատկացնել սփյուռքում գործող հայկական դպրոցներին:
1964-ին Լիբանանում Եփրեմ Շխրդմյանի հիմնած ոսկերչատունն այսօր ղեկավարում են նրա ընտանիքի երկրորդ սերնդի անդամները՝ Ժան և Լյուդվիգ Շխրդմյանները՝ իրենց քրոջ՝ Վիրնայի և հոր հետ: Դասական ոճի «Խաչքար» ապարանջանն անցյալ տարի Հայաստանում ներկայացվել է նաև «Երևան շոու- 2013» ոսկերչության ցուցահանդեսին. զարդ-խորհրդանիշն ունի կանացի և տղամարդու տարբերակներ:
Իսկ Ջենիֆեր Լոպեսը Սան Պաուլոյի «Կորինտիանս» մարզադաշտում կրել է «Եփրեմի» ժամանակակից ոճի զարդերից, որոնք ընդգծում են երգչուհու ոճը:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑԸ