Արմեն Մարտիրոսյան. Եթե մեր ցանկությամբ լիներ` արմատական իշխանափոխության, արտահերթ ընտրությունների հարց կդրվեր
«Իհարկե, չեն բավարարում մեզ այդ 12 կետերը, տարբեր կետեր կարելի էր գրել, բայց ցանկացած պարագայում բավարարելու կամ չբավարարելու խնդիր չկա, քանի որ 4 խմբակցությունների կողմից է հայտարարություն եղել, իսկ այդ դեպքում որոշակի փոխզիջումների և լրացումների արդյունքում է նմանատիպ փաստաթուղթ ընդունվում»,- 168.am-հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք բավարարո՞ւմ են իրենց քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ պարզ է` այն «Ժառանգության» ամբողջական տեսակետը չէր կարող ներկայացնել, որովհետև, եթե իրենց ցանկությամբ լիներ` արմատական իշխանափոխության, արտահերթ ընտրությունների հարց կդրվեր:
«Կարծում եմ` համագործակցությունը հենց դա էլ ենթադրում է, որ փոխզիջումային մթնոլորտում պետք է ընդունվեն որոշումները: Բացի դրանցից, այլ կետեր էլ կարելի էր ավելացնել, բայց ես կարծում եմ` նույնիսկ այդ կետերը, պարզ է, որ չեն ընդունվի իշխանությունների կողմից, կյանքի չեն կոչվի, որովհետև դրանք այն կետերն են, որ իրենց իշխանություն են դարձնում»:
Հարցին՝ ձեզ կգոհացնի՞, եթե իշխանությունն այդ 12 կետերի հիմնական մասն իրականացնի, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Սա ամբողջական փաստաթուղթ է և ոչ թե ինչ-որ առանձին կետեր: Այդ ամբողջական փաստաթուղթն իր մեջ պարունակում է տարբեր մտքեր տարբեր խնդիրների վերաբերյալ, ուստի և պարզ է, որ ամբողջությամբ ընդունվելու դեպքում կարող ենք միայն խոսել: Բայց ես համոզված եմ՝ այդ կետերի նույնիսկ կեսն էլ կյանքի չի կոչվի»: