
ՌԴ ԱԳՆ-ն ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Սլավյանսկում արգելված զենք կիրառելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովն ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Սլավյանսկի բնակիչների դեմ արգելված զենք կիրառելու մեջ:
Այդ մասին Դոլգովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Ուկրաինացի զինվորականներն ու նեոնացիստներն արգելված զենք են կիրառում Սլավյանսկի բնակիչների դեմ, գնդակոծում են փախստականներին, սպանում են երեխաների»:
Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայինները հայտարարել են, որ գիշերը Սլավյանսկի արվարձան Սեմյոնովկա գյուղը ռմբակոծել են հրկիզող ռումբերով, ինչի հետևանքով գյուղում բռնկվել են մի շարք հրդեհներ: Ընդգծվում է, որ դա Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտության ժամանակ հրկիզող ռումբերի գործածման առաջին դեպքն է: