
Վրաստանի իշխանությունները պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնեն ՌԴ-ի ղեկավարության հետ. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնեն Ռուսաստանի ղեկավարության հետ և սեղմեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը:
Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերայի հայտարարությունը: Վերջինս քննադատել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն, ով հայտարարել էր, թե Ռուսաստանը շահագրգռված չէ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) բռնակցմամբ:
Դրա հետ կապված՝ Բուրջանաձեն հայտարարել է, որ եթե տեղի չունենա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ ուղիղ երկխոսություն, եթե տեղի չունենա հանդիպում և չսեղմեն Պուտինի ձեռքն ու չգան կոնկրետ պայմանավորվածության, ապա ոչինչ չի ստացվի:
BBC World News-ին տված հարցազրույցի ժամանակ Գարիբաշվիլին հայատարարել էր, որ Վրաստանի գործող իշխանություններն իդեալական հավասարակշռություն են պահպանում եվրաինտեգրման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ինչն էլ Բոկերիայի կողմից քննադատության պատճառ է հանդիսացել: