Նախիջևանի անվտանգության հարցը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության պետ Վագիֆ Դարգյահլին մեկնաբանել է երեկ Հայաստանի խորհրդարանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը: Դարգյահլին հայկական կողմին մեղադրել է «սադրանքներ կիրառելու» մեջ՝ այդ պլանում հիշատակելով Նախիջևանը:
Դարգյահլին հայտարարել է, որ Նախիջևանի անվտանգությունը գտնվում է պետության ղեկավարի ուշադրության կենտրոնում: Որպես իր այդ խոսքերի ապացույց՝ Դարգյահլին հիշատակել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանը՝ կապված Նախիջևանի ինքնավար հանրապետությունում առանձին համազորային բանակ ստեղծելու հետ, ինչը միտված է Նախիջևանում տեղակայված զորամասերի պաշտպանունակությունը բարձրացնելուն.
«Ադրբեջանի զինված ուժերն այսօր օժտված են ժամանակակից, գերճշգրիտ ու մեծ խոցելիություն ունեցող սպառազինությամբ, մարտական ու տրանսպորտային ինքնաթիռներով ու ուղղաթիռներով, ՀՕՊ-ի ամենաժամանակակից սարքերով, զրահամեքենաներով, տանկերով ու հրետանային սարքավորումներով:
Բավական է միայն նշել, որ Նախիջևանում տեղակայված «Սմերչ» համազարկի կրակային ռեակտիվ համակարգերն ունակ են խոցել հակառակորդի տարածքի յուրաքանչյուր թիրախ»: