
Ջենիֆեր Փսակին իրեն ընդգրկել է ռուսական քարոզչամեքենայի զոհերի թվում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական ԶԼՄ-ների քննադատության թիրախում է հայտնվել միայն նրա համար, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ժողովրդավարական Ուկրաինայի օգտին.
«Ես հայտնվել եմ լավ ընկերակցության մեջ, քանի որ ես այն փոքրաթիվ ամերիկացի պաշտոնյաներից եմ և հատկապես կանանցից, որոնք դարձել են ռուսական քարոզչության հարձակման օբյեկտ: Բավական ակնհայտ է, որ տվյալ դեպքում ճշմարտությունը նրանց կողմից չէ»:
Փսակին ենթադրել է, որ այդ ամենը կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ը աջակցում է ուժեղ ու ժողովրդավարական Ուկրաինային: Փսակին ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարություններն արտացոլում են Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել Փսակիի պաշտոնանկության մասին: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ չգիտի, թե որ է կորել Փսակին՝ հույս հայտնելով, որ նա «կհայտնվի վերստին»: Սակայն Փսակին հերքել էր իր պաշտոնանկության մասին լուրերը: