Ստացել ենք 6 անգամ ավելի շատ, քան փոխանցել ենք
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերը, միջազային դրամական փոխանցումների համակարերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը 2014 թ. առաջին եռամսյակում կազմել է 126.0 մլրդ դրամ (քանակը` 691 հազար), որը մոտ 6 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Այդ համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 8%-ով: Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը 182 հազար դրամ է:
Առևտրային բանկերի միջոցով միջազային դրամական փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7%-ով և կազմել 104.5 մլրդ դրամ:
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են 50.7 մլրդ դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 8%-ով: Մեկ վճարման միջինը 4.0 մլն դրամ է, որը 2013 թ. առաջին եռամսյակի համեմատ նվազել է մոտ 400 հազար դրամով: Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումներն արտասահման կազմել են 59.0 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 5%-ով (3.0 մլրդ դրամով):