Գագիկ Ջհանգիրյանը` արագաչափերի և կարմիր գծերի մասին. Էդ ի՞նչ ծառայություն է մատուցում այդ ընկերությունը, որ բյուջեից այդքան փող ենք իրեն զիջում
«Էդ ի՞նչ ծառայություն է մատուցում այդ ընկերությունը, որ բյուջեից այդքան փող ենք իրեն զիջում»,- այսօր ԱԺ նիստում 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նման հարցադրում արեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` խոսելով արագաչափերի և կարմիր գծերի մասին:
Ըստ նրա` ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրել էր, որ անցած տարի բյուջեի 2.9 մլրդ դրամ շահույթի աճ է եղել միայն արագաչափերի արդյունքում, այսինքն` շահագործող ՍՊԸ-ի ներկայացուցիչները ստացել են 8-10 մլրդ լրացուցիչ շահույթ, մինչդեռ արտաքին պարտքի սպասարկման համար 40 մլրդ է ծախսվել:
«Դուք միանգամայն ճիշտ եք, հարցը քննարկվում է, բայց բյուջեի կատարողականի ժամանակ թույլ տվեք չքննարկել»,- պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
«Այդ դեպքում ընդհանրապես ինչո՞ւ է նոր կառավարության ժամանակ քննարկվում հնի կատարողականը»,- հակադարձեց Ջհանգիրյանը` հավելելով, որ կազմակերպությունը սուպերշահույթներ է ստանում, աղքատ ժողովրդից քամում է վերջին կոպեկները և նույնը շարունակվելու է 2014-ին: