Լևոն Զուրաբյան. Կառավարությունը մեզ մատուցել է մի հանելուկ, որի պատասխանը ես չեմ գտնում
«Կառավարությունը մեզ մատուցել է մի հանելուկ, որի պատասխանը ես չեմ գտնում և այս քննարկումը կարելի է նվիրել այդ գործին: ԿԲ հաշվին 189 մլրդ դրամ է եղել, մինչդեռ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է: Հաճախ տեսնում եք, որ բյուջեի եկամտային մասը չեն կարողանում կատարել, բայց մտնում են մեծ ծախսերի մեջ: ՀՀ-ում իրականում դուք հավաքել եք փողը նախատեսվածից շատ, բայց ծախսերը չեք կատարել, օրինակ սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 77%-ն է կատարվել»,- այսօր ԱԺ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա` կարելի էր բյուջեն ենթարկել սեկվեստրի, արագ փոփոխել ծախսային մասը և ներդրումներն իրականացնել: Զուրաբյանը նշեց, որ 40 մլրդ դրամի ներդրումը բերում է 1% ՀՆԱ-ի աճի:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ռուսական վարկի տիրապետման հարցը ինչպես եղավ, որ 3.5% վարկը փոխարինվեց 6.25%-անոց պարտատոմսերով:
«Առեղծված չկա, 189 մլրդ դրամը գանձապետական հաշվին է եղել, որն օրենքով է սահմանված և գտնվում է ԿԲ-ում: Պետական և համայնքային բյուջեների բոլոր միջոցները շրջանառվում են գանձապետական հաշվի միջոցով: Բնական է, որ այստեղ եղել է մնացորդ: Կային տարիներ, որ մնացորդ չէր լինում»,- պատասխանեց Ջանջուղազյանը:
Նրա խոսքով` գանձապետական հաշվում կարելի է դիտարկել պետական բյուջեի հաշիվները: Նա նկատեց, որ առանձին ծրագրեր են թերակատարվել, իսկ ծախսերը թոշակների մասով կատարվել են 99 %-ով:
Ռուսական պարտքի դեպքում, ըստ փոխնախարարի, խոսքը տոկոսային փոփոխությունների մասին չէ, խոսքն այն մասին է, որ ռուսական պարտավորութունը լողացող է եղել, կախված է եղել Libor-ից և, երբ մարվել է, ՀՀ ընդհանուր պարտքի մոտ 15%-ն էր կազմում: Ջանջուղազյանը նշեց, որ լողացող տոկոսադրույքը փոխարինել են ֆիքսված տոկոսադրույքով:
Ջանջուղազյանի խոսքով` Libor-ը հիմա գտնվում է պատմականորեն ամենացածր մակարդակի վրա, միջինը եղել է ավելի քան 4%, և այդ շարժը կանխատեսելի չէ: Նա նշեց, որ Libor-ի կտրուկ փոփոխություններ չի կարող տեղի ունենալ, իսկ ռուսական պարտքը ներգրավելիս առաջարկվում էր կամ Libor+3% կամ ֆիքսված 7.5%: Ըստ նրա` արդար չէ համեմատելը: