Կա՛մ Պուտինը մասնակից է «Եվրամայդանի» ուժային ցրմանը, կա՛մ նա պետք է Հաագային հանձնի Յանուկովիչին. Խոդորկովսկի
Censor.net.ua-ի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին ռուս լրագրողների հետ տեսակամրջի ժամանակ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Խոդորկովսկին հայտարարել է, որ 2014 թվականի փետրվարին «Եվրամայդանի» ուժային ցրումը պետք է հետաքննվի Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից, և որ այդ հարցում Պուտինի կողմից համագործակցության հրաժարումը կվկայի, որ ռուսական ղեկավարությունը մասնակից է Վիկտոր Յանուկովիչի հանցավոր ռեժիմին:
Խոդորկովսկին ճիշտ է համարում Յանուկովիչին Հաագային հանձնելը և ոչ թե Ուկրաինային հանձնելը, քանի որ կարծում է, որ Ուկրաինայում պարզապես կսպանեն նրան, իսկ դա ճիշտ չէ.
«Ռուսաստանի տարածքում Յանուկովիչի հետագա մնալու հարցն առանցքային հարց է, որին ռուսական իշխանությունները պետք է պատասխանեն մոտ ժամանակներս: Նրան հանձնեք միջազգային դատարանին: Եթե դուք չեք ցանկանում հանձնել նրան, նշանակում է՝ դուք մեղսակից եք:
Կա՛մ նա (Ռուսաստանի ղեկավարությունը) մասնակից է անզեն մարդկանց գնդակահարմանը, կա՛մ էլ նա պետք է Յանուկովիչին հանձնի միջազգային դատարանին, որպեսզի նրան դատեն հրապարակավ: Թող պատմի, թե ինչ է եղել իրականում: 80 քաղաքացիական անձանց սպանդի են ենթարկել, ինչի համար անհրաժեշտ է պատասխան տալ»:
Խոդորկովսկին կարծում է, որ հականախագահական բողոքի ակցիայի ուժային ցրումը Յանուկովիչի կողմից համաձայնեցված է եղել պաշտոնական Մոսկվայի հետ. «Հասկանալի է, որ Մոսկվայում «կանաչ լույս» են վառել նրա առջև, որովհետև նա իր թիմին հրամայել է կրակել անզեն ամբոխի վրա»: