Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան. Գյուլ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր «Չանքայա» նախագահական նստավայրում ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի ու Իրանի համագործակցությունը կնպաստի ողջ տարածաշրջանի զարագացմանը. «Իրանի նախագահի այցը Թուրքիա կրում է պատմական բնույթ և էլ ավելի կամրապնդի երկու երկրների հարաբերությունները:
Իրանն իր տնտեսական պոտենցիալով շատ կարևոր հարևան է Թուրքիայի համար: Ներկա դրությամբ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 15 միլիարդ դոլար: Պլանավորված է այն հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի»:
Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի ու Իրանի միջև հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան: Գյուլը կարծում է, որ Թուրքիան ու Իրանը փոխադարձ առևտրի ու ներդրումների հարցում կարող են ընդօրինակել Ֆրանսիայի ու Գերմանիայի փորձը:
Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական կարգավորմանը՝ հավելելով, որ իրենք չեն ցանկանում, որ տարածաշրջանի որևէ երկիր ձեռք բերի միջուկային զենք:
Ռոուհանին Թուրքիա է ժամանել այսօր՝ հանդիսանալով վերջին 18 տարում Թուրքիա այցելած Իրանի առաջին նախագահը: Այսօր Ռոուհանին կհանդիպի նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջին անգամ Իրանի նախագահը (Ռաֆսանջանի) Թուրքիա է այցելել 1996 թվականին: