
Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են միավորել իրենց երկաթուղիները

Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են բարելավել տնտեսական կապերը: Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Նրա խոսքերով՝ հարևան երկու երկրները ցանկանում են կրկնապատկել ապրանքաշրջանառության ծավալը. «Մենք համաձայնվել ենք միավորել մեր երկրների երկաթուղիները: Այդ քայլը կօգնի Պարսից ծոցի ու Օմանի ծովածոցի շրջանները միացնել Սև և Միջերկրական ծովերի հետ:
Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնումը շահավետ է ոչ միայն երկու երկրների, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: Երկու երկրների մասնավոր սեկտորները նույնպես ձգտում են փոխադարձ համագործակցության ամրապնդմանը: Պետք է ընդլայնվեն նաև մեր կրթական կենտրոնների ու համալսարանների միջև կապերը:
Երկու երկրները միանման դիրքորոշում ունեն միջուկային ծրագրերի հարցում: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր, որը ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր, կարող է զարգացնել միջուկային խաղաղ ծրագիր:
Տարածաշրջանը պետք է զերծ լինի միջուկային զենքից ու զանգվածային ոչնչացման զենքից: Իրանն ու Թուրքիան հանդես են գալիս տարածաշրջանում ահաբեկչության, ծայրահեղականության ու բռնության դեմ»: