Քառյակը խմբագրական փոփոխություններ է կատարել իշխանություններին ներկայացվելիք պահանջներում

Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ոչ իշխանական քառյակի դռնփակ նիստը, որի ընթացքում քառյակը վերջնականապես համաձայնեցրել է իշխանություններին ներկայացվելիք պահանջների համատեղ տեքստը: «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել քառյակի ընդոընած համատեղ հայտարարությունից՝ ասելով, որ այն քառյակի ներկայացուցիչները կներկայացնեն վաղը նախատեսված համատեղ ասուլիսում:

Ռ. Հակոբյանը, սակայն, հայտնեց, որ քառյակը համատեղ հայտարարության մեջ խմբագրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ հայտարարության վերջնական տեքստում կա հատված՝ նվիրված Աստանայի հանդիպմանն ու Ղազախստանի նախագահի հայտարարությանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենք ԱԺ ընդդիմության մասին օրինագիծ են մշակում և հույս ունեն, որ այն կդառնա քառյակի համատեղ նախագիծը:

Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ իշխանությունները կիրականացնեն քառյակի կողմից ներկայացված պահանջները, Ռ. Հակոբյանը պատասխանեց, թե իրենց կարծիքով՝ ներկայացված պահանջները միանգամայն իրականացվելիք են և չեն ուզում մտածել, որ իշխանությունները կգնան հակադրման ճանապարհով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս