Անչափահաս տղան դատարանում հայտնեց, որ ինքն է հոր սիրուհու մերկ լուսանկարը հրապարակել odnoklassniki.ru կայքում
Երևանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երևանի 37-ամյա բնակչուհու գործով դատական նիստը. կինը մեղադրվում է ամուսնու նախկին սիրուհու անունով odnoklassniki.ru համացանցային կայքում կայքէջ ստեղծելու մեջ, որտեղ կինը` առանց ամուսնու նախկին սիրուհու համաձայնության տեղադրել է նրա մերկ լուսանկարը՝ այդպիսով տարածելով ամուսնու սիրուհու վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրացուցիչ հարցաքննվեց 37-ամյա ամբաստանյալի անչափահաս որդին, ով դատարանում հայտարարեց, որ ինքն է հոր սիրուհու մերկ լուսանկարը հրապարակել odnoklassniki.ru կայքում:
Անչափահաս տղան դատարանում հայտնեց նաև, որ իր այդ արարքի մասին ոչ ոքի չի պատմել: Ամբաստանյալի պաշտպանի հարցին՝ ինչո՞ւ է նման բան արել, երեխան պատասխանեց, որ հոր սիրուհին հոր հետ նկարներ է ունեցել, և ինքը նրա մերկ լուսանկարը տեղադրել է, որ «նա հանի այդ նկարները»: «Հիմնականն այն էր, որ մայրս չտեսնի այդ նկարները»,- ավելացրեց անչափահաս տղան:
Դատարանում 37-ամյա ամբաստանյալը ևս հայտարարեց, որ լուսանկարը համացանցում տեղադրել է որդին, ինքը, սակայն, նախաքննության ընթացքում հայտնել է, թե ինքն է դա արել, որպեսզի որդուն չներքաշի այս ամենի մեջ. «Ես վերջապես մայր եմ, ես իրավունք չունեմ իրեն ներքաշելու»:
Դատարանն այսօր բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանցում կան էական հակասություններ: Մեղադրողը հրապարակեց ամբաստանյալի՝ նախաքննության ընթացքում որպես վկա և որպեց մեղադրյալ տրված ցուցմունքները:
Ամբաստանյալը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ ինքը ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում երեք երեխա է ունեցել, ամուսինը կապված է եղել սիրուհու հետ, սակայն ինքը չի ամուսնալուծվել՝ երեք երեխա ունենալու պատճառով: Որպես մեղադրյալ հարցաքննվելիս կինը հայտնել էր, որ ինքն իրեն լիովին մեղավոր է ճանաչում, ինքն է ամուսնու սիրուհու մերկ լուսանկարնեը տեղադրել համացանցում:
Դատարանում այսօր ավարտվեց դատաքննությունը. դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Քանի որ գործով մեղադրողը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար, դատարանը հետաձգեց քրեական գործի քննությունը՝ հաջորդ դատատական նիստը նշանակելով հունիսի 18-ին: