
Ուզբեկստանի նախագահը քննադատել է Եվրասիական տնտեսական միության ստեղծումը

Ամերիկյան EurasiaNet պարբերականի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը քննադատել է Կրեմլի գլխավորած Մաքսային միության հիմքի վրա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծումը՝ գտնելով, որ դա կարող է հանգեցնել ԵՏՄ-ին մասնակից երկրների քաղաքական անկախության կորստին:
Մեկնաբանելով մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ-ի ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից ստորագրելը՝ Կարիմովը հայտարարել է. «Նրանք ասում են, որ ստեղծում են միայն տնտեսական շուկա և ոչ մի կերպ չեն հրաժարվի ինքնիշխանությունից ու անկախությունից:
Ինձ ասացե՛ք, մի՞թե առանց տնտեսական անկախության, հնարավոր է ունենալ քաղաքական անկախություն»: Նշվում է, որ Կարիմովն այդ հայտարարությունն արել է հունիսի 6-ին, Տաշքենդում: Ավելի վաղ Կարիմովըբ նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով:
Ընդհանուր առմամբ, Ուզբեկստանի նախագահն անվստահություն է ցուցաբերում այն կազմակերպություններին, որոնցում ակտիվորեն մասնակցում է Կրեմլը: Օրինակ, 2012 թվականին Ուզբեսկտանը հայտարարեց Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ ռազմական բլոկի կազմից իր դուրս գալու մասին: