
Պաշտոնական Թբիլիսին չի ճանաչում Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Վրաստանը չի ճանաչում Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա) հունիսի 8-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Զալկալիանիի խոսքերով՝ այդ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և լեգիտիմ չեն. «Վերջին շրջանում Աբխազիայի օկուպացված տարածքից, ինչպես նաև Ցխինվալի շրջանից վտարվել են մեր հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիներ:
Ելնելով դրանից՝ էթնիկ մաքրումն օրինականացվում է նմանատիպ այսպես կոչված ընտրությունների միջոցով: Այդ ընտրությունները ոչ մի կերպ չեն կարող համարվել լեգիտիմ: Միջազգային որևէ կառույց չի ճանաչի դրանք»:
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է «Միասնական Օսիա» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին, ինչի համար պետք է անցկացվի հանրաքվե: Կուսակցությանը բաժին է ընկել խորհրդարանի 34 մանդատից 20-ը: