
Հասան Ռոուհանին երկօրյա այցով ժամանել է Թուրքիա

Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երկօրյա թուրքական այցը: Այցի ընթացքում Ռոուհանին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Ռոուհանիին Թուրքիա է հրավիրել Գյուլը:
Այդ հանդիպումներում քննարկվելու են երկու երկրների համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Այցի ժամանակ Ռոուհանիին ուղեկցում են Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, մշակույթի նախարար Ալի Ջանատին, նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանը և փոխարտգործնախարար Ռահմանի Ֆազլին:
Այցից առաջ Ռոուհանին հայտարարել է, որ իրենց համար առաջնահերթ են հարևան երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը: Վերջին անգամ Իրանի նախագահը (Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանի) պաշտոնապես Թուրքիա է այցելել 1996 թվականին: