Ինչո՞ւ Ադրբեջանը դիմեց սադրանքի Նախիջևանի սահմանից

Սահմանային թոհուբոհն այսօր չի սկսվել, սկսվել է այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մնաց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական գործիչ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական զինակից Գուրգեն Եղիազարյանը` խոսելով հայկական սահմանին ադրբեջանական ուժերի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունների մասին:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Ադրբեջանը, սրիկայաբար գնդակոծելով Հայաստանի Հանրապետության սահմանները, սպանելով մեր զինվորներին, ցանկանում է ի լուր աշխարհի հայտարարել, որ հակամարտությունը Հայաստանի Հանրապետության հետ է և ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ:

Իսկ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով` սահմանային գոտին վերահսկողության տակ է, և Ադրբեջանի կողմից որևէ գործողություն անակնկալ չի կարող լինել Զինված ուժերի համար:

Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ Նախիջևանի սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը ինչ-որ իմաստով նորություն էր, քանի որ Ադրբեջանը նախկինում սադրանքների չի իրականացրել Նախիջևանի սահմանին:

Կարդացեք նաև

«Կարծում եմ` երկրի պաշտպանության, անվտանգության գործում բոլոր ուժերը` ընդդիմություն, իշխանություն, հասարակություն, պետք է և´ ճիշտ ընկալեն միմյանց, և´ խուսափեն շահարկումներից, որովհետև սա մեր համար մեկ խնդիրն է»,- ասաց հանրապետական պատգամավորը:

Պատասխանելով հարցին` որքանո՞վ է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացումը կապված Աստանայի նիստի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի ադրբեջանամետ հայտարարության հետ, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ մի քիչ համաձայն չէ. «Աստանայի եղածն ուղղակի կապ չունի Նախիջևանի հետ, որովհետև դա մի օրում չի լինում: Մենք տեսնում էինք, որ դեռևս ժամանակներ առաջ Ադրբեջանը կենտրոնացում էր կատարում Նախիջևանում: Այստեղ խնդիրն ավելի գլոբալ է: Ես ենթադրություն եմ անում:

Նախկինում էլ, երբ Ադրբեջանը լուրջ գործողություն էր ուզում անել, ուժեղացնում էր լարվածությունը Նախիջևանի շրջանում: Նրանք այնտեղ թույլ են, որովհետև կա Մեղրի, և նրանք շրջափակված են»:

Ի տարբերություն Լեռնիկ Ալեքսանյանի` Գուրգեն Եղիազարյանը տեղի ունեցածն ուղղակիորեն կապեց Աստանայի միջադեպի հետ, սակայն, նրա համոզմամբ, ուղղորդողը ոչ թե Ռուսաստանն է, ինչպես կարծում են եվրասիական ինտեգրման հակառակորդները, այլ Թուրքիան: Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ Նազարբաևը թյուրքալեզու պետություններից մեկի ղեկավարն է.

«Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ այսօր պանթյուրքիզմի «մեծ կիսալուսնի» ողջ ողնաշարով մեկ խժդժություններ են գնում, և պատահական չէ, որ «ակսակալը» և, իմ կարծիքով, պանթյուքիզմի ջատագովը` Նազարբաևը, նման հարցադրում է անում Աստանայում, առանց հաշվի առնելու էթիկայի կանոնները… Եվ դրանից հետո նա գնաց Թուրքիա` թյուրքալեզու պետությունների ղեկավարների հավաքին… Աստանայում այդ գաղտագողի, տմարդի հարձակումը պատահական չէր: Այս ամենն ուղղորդվում է մեկ կենտրոնից… Ի վերջո, դրա մեջքին կանգնած է Թուրքիան` իր լրջագույն բարեկամ Միացյալ Նահանգների հետ»:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցներից սպանվեցին Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներ Անդրանիկ Եղոյանը և Բորիս Գասպարյանը:

Տեսանյութեր

Լրահոս