Ռուսաստանը կարող է միջազգային հետախուզում հայտարարել Սաակաշվիլու նկատմամբ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն չի բացառում, որ կարող է միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և Վրաստանի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են 2008 թվականին Հարավային Օսիայի իրադարձությունների համար:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը. «Հետաքննության տվյալներով՝ Վրաստանի նախկին բարձրաստիճան անձինք, այդ թվում նաև նախագահ Սաակաշվիլին, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին և այլք իրենց առջև նպատակ են դրել ամբողջովին ոչնչացնել Հարավային Օսիայում բնակվող օսերին»:
Մարկինը հիշեցրել է, որ նախկինում այդ անձինք ունեցել են քրեական հետապնդումից միջազգային անձեռնմխելիություն. «Նրանց հրամանով վրացի զինծառայողները 2008 թվականի օգոստոսի 7-ին սկսել են հրետակոծել քաղաքացիական օբյեկտներ ու ռուս խաղաղապահներին: Կիրառվել են տանկեր ու հրետանի:
Հաշվի առնելով այն, որ Վրաստանում նոր նախագահի ու նոր կառավարության իշխանության գալով իրենց պաշտոններից զրկվել են Հարավային Օսիայի տարածքում հանցանքներ կաատարելու մասնակիցները՝ Հետաքննչական կոմիտեն դիտարկում է նրանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրելու և միջազգային հետախուզում հայտարարելու հարցը»: