
Ուկրաինայի արևելյան շրջաններում անհրաժեշտ է կրակը դադարեցնել այս շաբաթ. Պորոշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արևելքում խաղաղություն ու անդորր հաստատելու գծով եռակողմ շփման խմբի առաջին նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում անհրաժեշտ է կրակը դադարեցնել այս շաբաթ:
Նիստի ժամանակ ներկայացվել է Պորոշենկոյի խաղաղության պլանը, որը նա ներկայացրել է հունիսի 6-ին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Պորոշենկոն ընդգծել է, որ պետք է աշխատի իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Նորմանդիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.
«Մենք պետք է կրակը դադարեցնենք այս շաբաթ: Ինձ համար անընդունելի է յուրաքանչյուր օրը, երբ զոհվում են մարդիկ, երբ Ուկրաինան վճարում է այդքան թանկ գին: Դրա համար էլ նախևառաջ պետք է վերականգնել Ուկրաինայի պետական սահմանի աշխատանքը, որպեսզի երաշխավորվի Դոնբասում բնակվող Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու անվտանագությունը՝ անկախ նրա քաղաքական հայացքներից»: