Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ՌԴ-ի կազմի մեջ մտնելուն կողմնակից կուսակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթում է «Միասնական Օսիա» կուսակցությունը, որի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը եղել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնելը:

Այս մասին վկայում են Հարավային Օսիայի ԿԸՀ-ի տվյալները: ԿԸՀ-ի հաղորդմամբ, ներկա դրությամբ հաշվարկված է քվեների 31 տոկոսը, ըստ որոնց՝ «Միասնական Օսիան» հավաքել է քվեների ավելի քան 44 տոկոսը: Նրա մերձակա մրցակից «Ժողովրդի միասնություն» կուսակցությունը հավաքել է քվեների ավելի քան 16 տոկոսը:

Հարավային Օսիայի խորհրդարանը բաղկացած է 34 պատգամավորից: Նախնական արդյունքների հրապարակումից հետո մարդիկ դուրս են եկել փողոցներ և սկսել են տոնել իրենց համար կարևոր այդ իրադարձությունը: «Միասնական Օսիա» կուսակցությունը կարծում է, որ Հարավային Օսիան Ռուսաստանի կազմ վերադարձնելու հարցը պետք է լուծել ներկայումս:

Կուսակցությունը հայտարարել է, որ իրենք պատրաստել են համապատասխան «ճանապարհային քարտեզ»՝ բաղկացած 5 հաջորդական քայլից՝ կապված Ռուսաստանին անդամակցելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս