ԵՄ-ն Իսրայելին ու Պաղեստինին առաջարկում է «արտոնյալ գործընկերություն»
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն Իսրայելին ու պաղեստինյան ապագա պետությանը փոխադարձ հակամարտության կարգավորման դեպքում առաջարկում է «արտոնյալ գործընկերություն», ինչն ունակ է արմատականորեն փոխել նրանց ապագան:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն. «Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղությունը ԵՄ-ի և վերջին 30 տարում մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակն է: Մենք քաղաքական ու տնտեսական միջոցներով աջակցում ենք «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի կյանքի կոչմանը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԵՄ-ը Թուրքիային էր լիիրավ անդամակցության փոխարեն առաջարկել «արտոնյալ գործընկերություն», սակայն Թուրքիան դա համարել էր վիրավորական՝ հայտարարելով, որ ինքն արդեն իսկ արտոնյալ հարաբերությունների մեջ է ԵՄ-ի հետ: