Լուբիկ Չիբուխչյանը Իլհամ Ալիևին դիմելուց առաջ բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը հունիսի 6-ին մարզպետարանի իր աշխատասենյակից tesankyun.am-ին զանգահարել եւ ասել է, որ բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում ասվում է .
«Արդեն անպատասխան 13-րդ նամակն եմ հղում ձեզ, որ հանրությունը համոզվի, թե ինչը չեք կարդում: 1972թ. եռագույն դրոշ քարոզելու մեղքիս համար ինստիտուտից հեռացրին, բանակում ազգային գաղափարի համար 2 տարի անցկացրի տուգանային գումարտակում, 1987-ին Իջեւանում ստեղծեցի ՀՀԿ առաջին, 16 հոգանոց բջիջը, ապա Աշոտ Նավասարդյանի եւ համախոհների խնդրանքով 88-ին գրեցի դրա կանոնադրությունը եւ ծրագիրը: 1989-ին հիմնեցի առաջին անկախ «Պայքար» թերթը, 1994-ին համահավաք հայրենասիրության համար 10 տարով բռնակալանքի ենթարկվեցի, որը տեղի ունեցավ Ղարաբաղին 7 անգամ խոշորածավալ օգնությունից հետո՝ վառելիքի տեսքով, տոկոսով փող վերցնելով այժման ձեր դրածոներից:
Օրինաչափ է,երբ ինձ մատնողը հենց իմ հիմնած կուսակցության ղեկավարն էր, ձեր անունից ինձ նվիրեցին բնակարան ու պարզվեց, որ 9 տարի ապրում եմ ծառայողականում, մարզպետն ու Սեյրան Օհանյանը խաբեցին ինձ:
Նախկին մարզպետ Պավել Ասատրյանը զբոսայգու արվեստի տնակի բանալին տվեց ինձ ու քաղաքապետին հանձնարարեց, որ սեփականաշնորհի, քաղաքապետն էլ մի օր ոստիկանությամբ բանալին խլեց ու իր համար վերածեց փողի, այդտեղ հիմա «Հայէկոնոմբանկն» է:
Իբրեւ մեղքերի քավում 20 հազար բանաստեղծություններիս բանակը վերցրեց ու կորցրեց՝ 18 տարվա քրտինքս հետը: 16 տարի Արմեն Ղուլարյանի հետ լավ կողմերով, վատը ծածկելով, աշխատեցի: Իբրեւ թե ձեզ է ներկայացրել անհատական թոշակիս, արվեստանոց ունենալու հարցերը, փողի խնդրանքով իմ ծրարը հանձնել է ձեզ, 3 անգամ ներկայացրել է նոր կոչումի ու բոլորն էլ՝ սուտ:
Նոր մարզպետ նշանակեցիք, նրա հենց առաջին քայլը ինձ ազատման դիմում գրել տալն էր, զրկվեցի 108 հազար դրամ աղքատավարձից: Ձեր տվածը եղել է մշակույթի վաստակավոր գործչի ոսկե մեդալը, ու երբ ազնվության պակաս կա, փայլեցնելուց տակից բացվել է երկաթի կտորը: Դրանից դուք տվել եք նաեւ ինստիտուտից ինձ հեռացնողին, դա վերադարձնում եմ ձեզ:
Թերթում տպվել է, որ ես գրել սկսել եմ 3 տարեկանից, այդ տարիքում ստեղծել եմ նոր այբուբեն, մոտս կա եւ դա եւ 56 կիլոմետր գրած մատիտներիս սանտիմական մնացորդները: Լույս է տեսել 4 տարեկանում գրած բանաստեղծություններիս ժողովածուն: 175 գիրք եմ տպագրել, որից 10 հատորը աֆորիզմ՝ 84 հազար հատ, 10 հազարից ավել երգ եմ գրել՝ իմ բառ ու երաժշտությամբ, ներառ հանրապետության հավանյալ հիմնը: Տարբեր երկրներից ստացել եմ 10 ոսկե մեդալ, աշխարհի ամենաբեղուն միջազգային ակադեմիկոսի կոչումն ունեմ:
Ստացա ֆրանսիական ակադեմիայի «Ոսկե փետուրը»: Պուտինի մասին գրեցի անվերջակետ մի նախադասությամբ գիրք՝ 1226 տող ու դարձա Գինեսի ռեկորդակիր: Պուտինը 2 անգամ խորհրդական հրավիրեց, Պետդուման խնդրեց տվյալներս, 21 երկրից հրավերք ստացա: Իմ ազգանվան սկզբնատառերով ստեղծեցի «Չիբու» մարտարվեստ»:
Լյուբիկ Չիբուխչյանի ընդարձակ բաց նամակը, որը տեղի սղության պատճառով ներկայացրինք ոչ ամբողջությամբ, ավարտվում է հետեւյալ բառերով. «Հայաստանում միայն մի ամոթ կա, այն էլ ինձ մոտ է, ու ես ամաչում եմ, որ ձեր ազգակիցն եմ: Հիմա պատրաստվում եմ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրել, երբ թշնամուս մոտ էլ մի քանի կամեցող կճարվի:
Դավաճանը միայն ե՞ս եմ, թե՞ ինձ դավաճանողները, կհասկանա գոնե մի քիչ ինձպեսը: Պարոն նախագահ, ես օձին շտկվելու հիմար կոչ չեմ անում, բայց ձեր չգնահատած իմ իմաստությամբ խորհուրդ եմ տալիս, որ գոնե մի քանի հատիկ լավերին վատություն չանեք, դուք որպես գնացական, իսկ նրանք՝ մնացական»: