Եվս քանի զինվոր է սպանվելու «և՛-և՛»-ի փամփուշտներից

Ովքե՞ր և ի՞նչ գնով են վճարում իշխանությունների վատ, անարդյունավետ, ձախողված քաղաքականության համար: Տնտեսական, սոցիալական, հարակից այլ ոլորտներում կան այդ հարցին պատասխանող համապատասխան ցուցանիշներ` մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալ, նվազագույն աշխատավարձ, նվազագույն սպառողական զամբյուղ և այլն: Այսինքն` վատ տնտեսական քաղաքականության համար քաղաքացիները վճարում են ցածր մակարդակի կենսապայմաններով` ցածր աշխատավարձով, պակաս որակյալ առողջապահական, կրթական ծառայություններով, և այլն: Արտաքին քաղաքականության ոլորտում ձախողումների գնահատման ուղղակի ցուցանիշներ չկան: Նույնիսկ պատեհ չի հնչում, սակայն, դժբախտաբար, գոնե պատերազմական-կիսապատերազմական երկրներում այդ ցուցանիշի դերը կատարում են երիտասարդ զինվորները, ցավոք, իրենց կյանքով: Եթե իշխանությունը չի կարողանում հասնել խաղաղության, դա հարցի մի կողմն է, որը կարող է բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունենալ:

Սակայն, երբ իշխանությունը երկրի վարկը, հեղինակությունը հասցնում է այն աստիճանի, որ նրա զինվորին սպանելը համարվում է գրեթե սովորական երևույթ, այդ դեպքում գործ ունենք իշխանության քաղաքականության տապալման համար երիտասարդների կյանքով վճարելու ողբերգական իրողության հետ: Ադրբեջանը կրակում է ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ հայկական կողմից պատասխան չի ստանում (որպես կանոն` ստանում է և արժանի), այլ` որովհետև չի ստանում, առաջին հերթին, քաղաքական գնահատական ու պատասխան այն երկրների ու այն կառույցների կողմից, որոնք գոնե իրենց հռչակագրային նպատակներում երիտասարդների մահը կանխելու ու դատապարտելու պարտավորություն ունեն:

Չի ստանում Ադրբեջանն այդ գնահատականը, որովհետև այդ գնահատականը տվողներից մեկից` Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ստանում է զենք: Նաև այդ զենքով սպանում է հայ զինվորին, ինչին ի պատասխան` հայկական կողմից լսում է բարբաջանքներ այն մասին, որ դա ռուսների բիզնեսն է, ինչին պետք է ըմբռնումով մոտենալ: Այսինքն` ըմբռնումով մոտենալ նաև հայ զինվորների սպանություններին: Ըստ էության: Իրականում:

Ինչպես որ ըմբռնումով են մոտենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լռությանն ամեն անգամ, երբ ոչ միայն ղարաբաղաադրբեջանական, այլև այդ կառույցի կանոնադրությամբ ընդհանուր պաշտպանության ենթակա` հայ-ադրբեջանական սահմանագծում հայ զինվոր է սպանվում: Որովհետև Հայաստանի իշխանությունն ականջներն ու աչքերը փակած` երկիրը տանում է դեպի մի կազմակերպություն, որի անդամներից առնվազն մեկը, այն մյուսի հանձնարարությամբ ու լռության ներքո, ամենօրյա ռեժիմով առաջ է տանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը:

Առաջ է տանում այնպիսի ցինիզմով, որ հայ զինվորների սպանության օրը շնորհակալություն է ընդունում Իլհամ Ալիևից` իր նամակը կարդալու համար, հաջորդ օրը՝ Թուրքիային հրավիրում է անդամակցելու Եվրասիական միությանը: Բայց մեղադրել Նազարբաևին սեփական երկրի ու սեփական դաշնակիցների շահերն առաջ տանելու համար, նշանակում է` մեղադրել ադրբեջանցի դիպուկահարներին` մեր տղաների սպանության համար: Այսինքն` ոչինչ չի նշանակում: Անարդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի, անարդարության և այլ արատավոր երևույթների համար մենք վճարում ենք վատ կյանքով:

Տապալված արտաքին քաղաքականության համար վճարում են նրանք` երիտասարդները` իրենց կյանքով: Ինչպես 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը: Ովքե՞ր են հաջորդները: Ի՞նչ անուն-ազգանուն ունեն նրանք: Դեռևս քանի՞ երիտասարդ պետք է զոհվի, որպեսզի իշխանությունը հասկանա, որ այլևս այսպես չի կարելի: Չի կարելի ստորանալ այն պետության ու պետությունների առաջ, որի զենքով սպանվում են մեր երիտասարդները:

Տեսանյութեր

Լրահոս