Հայաստանի արտաքին պարտքն ավելանում է ևս 180 միլիոն դոլարով
Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկու վարկային համաձայնագրերի, որոնք հաջորդ քառօրյայում կքննարկվեն և, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում: Դրանց արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը կավելանա ևս 180 միլիոն դոլարով, կամ ավելի ստույգ՝ 100 միլիոն դոլարով և 60 միլիոն եվրոյով:
Առաջին վարկային համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013թ. նոյեմբերի 18-ին: Այս պայմանագրով բանկը «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի» ֆինանսավորման նպատակով տրամադրում է 60 միլիոն եվրո վարկ, որով պետք է կառուցվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Մարալիկ-Գյումրի հատվածը: Իսկ ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրով ԱԶԲ-ն հատկացնում է 100 միլիոն դոլար, որով պետք է կառուցվի Թալինից Մարալիկ հատվածը և կատարվեն մի շարք նախագծահաշվարկային աշխատանքներ, խորհրդատվություն և աուդիտ:
Առաջին վարկային համաձայնագրին հանձնաժողովում դրական եզրակացություն տալու որոշմանը դեմ քվեարկեցին միայն Նիկոլ Փաշինյանը և Արմեն Ռուստամյանը, իսկ երկրորդ համաձայնագրի քվեարկության ժամանակ նրանց միացավ նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրված համաձայնագրի քվեարկության ժամանակ դուրս էր եկել դահլիճից:
Պատգամավորներին հետաքրքրող և ամենաշատ տրվող հարցն այն էր թե «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման ամբողջ ընթացքում ինչո՞ւ է իշխանությունն առաջին հերթին կառուցում այս ճանապարհի առավել բարեկարգ և երթևեկության համար առավել պիտանի հատվածները, իսկ այն հատվածները, որոնք ուղղակի անանցանելի են, թողնվել են անորոշ ապագային: ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոյանն ասում էր, որ Թալին-Գյումրի հատվածն անհամեմատ լավ վիճակում է, մինչդեռ Գյումրիից Բավրա ընկած հատվածն այնքան վատ վիճակում է, որ մեքենաները Ջավախքից Գյումրի հասնելու ճանապարհին կոտրվում և վթարվում են:
Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով ներկայացնում էր այս համաձայնագրերը, պատասխանում էր, որ արդեն համաձայնագրերը պատրաստ են, և անիմաստ է հիմա քննարկել այդ հարցը: Նա խոստանում էր, որ հաջորդ փուլում իրենք իրականացնելու են հենց դժվարանցանելի հատվածների շինարարությունը՝ հարավային ուղղությունը`Մեղրից՝ մինչև Արարատ, և Բավրայից՝ մինչև Գյումրի: Պարզ է, որ եթե հեշտ կառուցվելիք հատվածներն ավարտվեն, ինչ-որ պահի ստիպված են լինելու անցնել ավելի դժվար և ավելի ծախսատար հատվածների շինարարությանը, եթե, իհարկե, այդ հատվածների շինարարության համար ֆինանսավորում հայթայթվի:
Իսկ թե ինչո՞ւ են կառուցվում հենց այդ հատվածները, կարելի է ենթադրել նաև Առաքելյանի կողմից հնչեցված որոշ թվեր համադրելու միջոցով: Կապի և տրանսպորտի փոխնախարարը երեկ հայտարարեց, որ մոտավոր հաշվարկով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությունն ամբողջությամբ իրականացնելու համար կպահանջվի 1,4 միլիարդ դոլար: Նույնիսկ այս թիվն Առաքելյանը մոտավոր է համարում, քանի որ, մինչև նախագծային աշխատանքները չավարտվեն, հնարավոր չէ ստույգ հաշվարկել, թե ինչ կարժենա շինարարությունը: Հայտնի է, որ այս ճանապարհային միջանցքի շինարարության համար 500 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիր է ստորագրվել Ասիական զարգացման բանկի հետ դեռևս 2009թ. սեպտեմբերին: Բանկն արդեն 230 միլիոն դոլար գումար հատկացրել է Արարատից Թալին հատվածի շինարարության համար:
Եվս 100 միլիոնի համաձայնագիր կնքվել է մարտի 11-ին, որով պետք է իրականացվի Թալինից Մարալիկ հատվածի շինարարությունը: Ստացվում է, որ Ասիական զարգացման բանկը կարող է տալ ևս 170 միլիոն դոլար, որով լավագույն դեպքում՝ կկառուցվի Բավրայից Գյումրի հատվածը: Ճանապարհի ամենաբարդ` Մեղրիից մինչև Արարատ հատվածի շինարարության ֆինանսավորման հարցը մնում է օդի մեջ: Խոսքը մոտ 800 միլիոն դոլարի մասին է:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունը գնացել է ճանապարհի առավել հեշտ հատվածները սկզբում կառուցելու ճանապարհով, քանի որ հեշտ կառուցվող հատվածներում ավելի հեշտ է կոռուպցիոն մեխանիզմներ աշխատեցնելը: Այս տեսակետի հետ դժվար է չհամաձայնել: