Արմեն Մուրադյան. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման արդյունքում մեր երկրում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ծրագրերի տնօրեն Էլիզաբեթ Ս. Ջորջի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր գնահատեց այս կառույցի ներդրումը երկու երկրների միջև համաճարակաբանության ոլորտում արձանագրված հաջողությունների գործում և շնորհակալություն հայտնեց ՊՎՆԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների համար:

«Վարակիչ հիվանդությունների կանխարգելման արդյունքում մեր երկրում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել և գրանցված դրական ցուցանիշներով միջազգային ասպարեզում կարող ենք հպարտանալ»,-ասաց նախարարը` վկայակոչելով առողջապահական մարմինների կողմից այս ուղղությամբ կատարված վիթխարի աշխատանքը։

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` երկկողմ համագործակցության առանքային հարցերից է կենտրոնական լաբորատորիայի ձևավորումը, որն իրականացվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի բազայի վրա:

Այս կառույցը միտված է ապահովելու միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան կարողություններ` լաբորատոր որակի կառավարման, կենսաանվտանգության, կենսաապահովության համակարգերի ներդրում:

Լաբորատոր համակարգի զարգացման առումով նախարարը կարևորեց նաև մարզային լաբորատորիաների վերականգնումը և վերազինումը: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում Շիրակի և Տավուշի մարզերում։ Հետագայում ժամանակակից հանրային առողջապահական լաբորատորիաներ կձևավորվեն Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք կապահովեն մարզային մակարդակում միջազգային պահանջներին համապատասան լաբորատոր կարողություններ:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:

Էլիզաբեթ Ս. Ջորջը կարևորեց մշտապես արդյունավետ երկխոսության և քննարկումների պայմաններում ընթացող պատշաճ համագործակցությունը և ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակը վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման գործում Հայաստանի կարողությունների զարգացումն է:

« Մենք առավել հետաքրրքված ենք հատուկ վտանգավոր ախտածիններով և այս ուղղությամբ սերտորեն համագործակցում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,-ասաց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության ծրագրերի տնօրենը։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս